Կալիֆոռնիայի 74-ամյա բնակչուհին պայմանական ժամկետով է պատժվել պահեստի վարձակալության համար, որն ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև նարկոթունելի մուտք է թաքցրել: Այս մասին հայտնում է San Diego Union Tribune թերթը:
Մեղադրող կողմի վարկածով՝ Գլեննիս Ռոդրիգեսը հսկել է թունելից ելքի թաքստոց ծառայող պահեստը, որը կառուցվել է Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի փոխադրման համար: Պաշտպանական կողմը պնդում է, որ անցած տարվա ապրիլին ձերբակալված կինը չի իմացել իր վարձած տարածքում անօրինական գործունեության մասին:
Դատավորը հաշվի է առել կնոջ տարիքը և առողջական վատ վիճակը, նաև թոռների գոյությունը, ծանոթների և հարևանների շրջանում նրա լավ համբավը և նրան դատապարտել է 5 տարվա պայմանական ազատազրկման ու 1500 դոլար տուգանքի:
Մոտ 500 մ երկարությամբ թունելը, որն ԱՄՆ-ը միացնում է սահմանամերձ մեքսիկական Տիխուանա քաղաքին, հայտնաբերվել է 2014թ. գարնանը:








































