Ընդհանրապես` պատմության, պատմական փաստերի հայկական ընկալման առանձնահատկությունն այն է, որ մենք պատմությունը մի տեսակ ընկալում ենք գետտոյացած: Մեզ թվում է, թե գոյություն չի ունեցել աշխարհ, կամ` աշխարհից դուրս գոյություն է ունեցել Հայոց պետականություն, կամ էլ` ուղղակի Հայաստան: Ինձ միշտ զարմացրել է այն փաստը, որ հայ ժողովուրդը հաճույքով հիշում է Տիգրան Մեծի Ծովից Ծով Հայաստանը, բայց խուսափում է ընդգծել, որ Տիգրան Մեծը սեփական ձեռքերով և ծնկաչոք իր թագը դրել է հռոմեացի կուսակալ Պոմպեոսի ոտքերի տակ:
Եվ ինչու ենք մենք այդքան ոգևորվում Ծովից Ծով Հայաստանով: Իսկ ինչքան է գոյություն ունեցել հայ ժողովրդի Պետություն Ավետյացը: Տիգրան Մեծը ապրել է 85 տարի: Իր արշավանքները ձեռնարկել է մոտ 45 տարեկան հասակում` ք.ծ.ա. 95 թվականին: Իսկ արդեն ք.ծ.ա. 66 թվականին թագը դրել է Պոմպեոսի ոտքերի տակ: Ասել է թե` անգամ ամենալավատեսական գնահատականով Ծովից Ծով Հայաստանը գոյություն է ունեցել 29 տարի: Շա՞տ է սա, թե քիչ` ք.ծ.ա. առաջին դարի համար, եթե հաշվի առնենք փոխադրամիջոցների զարգացման և տեղեկատվության տարածման այնժամանակվա մակարդակը: Շա՞տ է սա թե քիչ, եթե հաշվի առնենք, որ Հռոմեական կայսրությունը, որպես աշխարհի հզորագույն պետություն, գոյություն է ունեցել երկու հազար տարի: Հիմա ասեք` 29 տարի և ասեք` 2000 տարի: Դե, հիմա հպարտացեք: Այնպես, ինչպես կհպարտանային մեր սերունդները երկուհազար տարի հետո Ազատագրված տարածքների մասին խոսելիս:
Ձեզ ի՞նչ է` թվում է, թե Ծովից Ծով Հայաստանի հողերն ավելի բարձր կարգավիճա՞կ են ունեցել, քան ազատագրված տարածքները: Ձեզ թվում է, թե Ծովից Ծով Հայաստանում մարդիկ ավելի լա՞վ են ապրել, քան այսօրվա Հայաստանում: Ընդհանրապես` հայոց հանրամատչելի պատմության մեջ կան միայն հերոսներ ու հակահերոսներ: Քաջագործություններ և դավաճանություններ: Եվ ըստ էության ոչինչ` մարդու, շարքային մարդու, քաղաքացու, նրա ապրելակերպի, բարեկեցության աստիճանի մասին: Սա շատ պարզ պատճառ ունի. ինչպես ներկայում, այնպես էլ անցյալում` մարդը մեր երկրում արժեք չի ունեցել, ու ինչպես ծովերով, այնպես էլ ցամաքով ճամփորդելու իրավունքը միայն ընտյալներին է վերապահվել:
Մարդը եղել է ընդամենը «մատերիալ»` Քաջարի Հայոց Թագավորների սխրագործությունների համար: Իսկ հայոց պատմության մարդկային բարեկեցության ընդամենը թռուցիկ նկարագրություններ կան, այն էլ` առանձին վերցրած քաղաքների վերաբերյալ: Իսկապես, երևի Անիում մարդիկ լավ են ապրել: Բայց այդ ժամանակաշրջանի այլ աղբյուրները զարհուրելի բաներ են պատմում մեր տարածաշրջանում շարքային մարդկանց կյանքի վերաբերյալ: Օրինակ, որ արաբները մեր տարածաշրջանը նվաճելով` մահապատժի էին ենթարկում տեղական իշխաններին` սեփական ժողովրդին ստորացումների ենթարկելու համար: Այնպես որ, բացարձակ զարմանալի չէ, որ այսօր օտարերկրյա կազմակերպություններն ու պետություններն ավելի են մտահոգված Հայաստանում մարդու իրավունքներով, քան Հայաստանի իշխանները: Այդպես եղել է նաև նախկինում, ու պատահական չէ, որ արաբները այդքան հեշտությամբ հասան Իսպանիա. նրանք սրի էին մատնում այն տեղական իշխաններին, ովքեր վատ էին վարվում իրենց հպատակների հետ…
Պատմության գետտոյացած ընկալումն ուղղակի սպանում է մեզ, մեզ նետում անգիտության խորքերը, մեզ դարձնում ծիծաղելիորեն մեծամիտ, թշվառ և անօգնական: Պատմության գետտոյացած ընկալումը մեզ զրկում է ինքնաճանաչման, օբյեկտիվ ինքնագնահատականի հնարավորությունից. մի բան, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ժողովրդի զարգացման համար: Ուրիշ բան է` խոսել առանձին վերցրած Նորավանքի մասին, և ուրիշ բան է` այդ մասին խոսել այն գիտակցմամբ, որ աշխարհում նաև Եգիպտական բուրգեր կան, Այա Սոֆիայի տաճար, Սան Ստեֆանի տաճար և էլի նմանատիպ գլուխգործոցներ: Ուրիշ բան է` խոսել առանձին վերցրած հայոց գրերի գյուտի մասին, ուրիշ բան է` այդ մասին խոսել այն ընկալումով, որ դրանից հազար տարի առաջ Ռիգվեդա է եղել, Ավեստա, Հոմերոս, հետո եղել են Սոֆոկլես և Էվրիպիդես և այլն, և այդպես շարունակ: Բայց, քավ լիցի, Այա Սոֆիայի տաճարը ամենևին մեր Նորավանքի ժխտում չի նշանակում, այնպես` ինչպես Հոմերոսի գոյությունը չի վնասում Ագաթանգեղոսի գոյությանը: Պարզապես մենք պետք է ի վիճակի լինենք ընկալել մասշտաբների տարբերությունը, որպեսզի կարողանանք ապագայում ունենալ այն, ինչ կարծում ենք, թե ունեցել ենք անցյալում:
Ընդհանրապես` մենք սիրում ենք Հայաստան անունը դնել այնպիսի անունների կողքին, ինչպես, օրինակ, Հունաստան, Հռոմ, Բյուզանդիա, Արաբական խալիֆայություն, Պարսկաստան: Գուցե Հայաստանի պատմությունը անմիջականորեն կապված է այդ երկրների հետ, բայց այդ երկրների պատմությունն ու զարգացումը Հայաստանի հետ շատ քիչ են առնչվում, և մենք պետք է հասկանանք, որ, ասենք, Պարսկաստանն ու Հայաստանը տարբեր մասշտաբի երկրներ են եղել, որ Հայաստանը դնելով կամ փորձելով դնել այդ շարքում` մենք մեր հայրենիքը, նրա ցավերն ու հույզերը, նրա տապալումներն ու նվաճումները մեզնից հեռացնում ենք այնքան, որքան Հունաստանն ու Հռոմն են մեզնից հեռու: Եթե մենք ուզում ենք օբյեկտիվ գնահատել մեր պատմական առաքելությունը և մեր ազդեցությունը մարդկության պատմության վրա, պետք է փորձենք թվարկել, թե ինչ ենք մենք ստույգ տվել աշխարհին, քաղաքակրթությանը:
Ու եթե այս տեսանկյունից դիտարկելու լինենք մեր պատմությունը, գուցե մի փոքր ավելի զգույշ կլինենք մեր պաթոսի, մեր հիմար պաթոսի մեջ: Թերևս կհասկանանք, որ մենք մարդկության պատմության վրա շատ չնչին հետք ենք թողել, և աշխարհում տեղի ունեցած գլոբալ պրոցեսներից շատ քչերն են մեզ հետ կապ ունեցել: Մյուս կողմից էլ` պատմության այն դրվագները, որոնք պիտի օգնեին մեզ ինչ-որ տեղ բավարարել մեր պատմական ամբիցիաները` հայ ավանդական պատմաբանության կողմից ՙսրբագրվել՚ է, կրտվել, հանվել: Խոսքը նախևառաջ Պավլիկյան շարժմանն է վերաբերում. եվրոպական բավական լուրջ պատմաբաններ չեն բացառում, որ Վերածննդի հարուցիչներից մեկը հենց Պավլիկյան շարժումն է եղել, որի կրողները, Հայաստանում հալածվելով, փախել են Եվրոպա և այնտեղ տարածել իրենց գաղափարները, ինչի արդյունքում էլ ծնվել են այնպիսի հանճարներ, ինչպիսիք են` Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայելը, Դյուրերը:
Սիրելի հայրենակիցներ, սա ամենևին էլ չի նշանակում, որ Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայելը, Դյուրերը հայ են եղել, սա նշանակում է, որ այսպիսի հսկաներ կարող էին ծնվել նաև Հայաստանում, եթե Հայ Առաքելական եկեղեցին Պավլիկյաններին աղանդ չհամարեր և ծայրահեղ հալածանքների չենթարկեր նրա հետևորդներին: Նաև եկեղեցու այս վերաբերմունքն է պատճառը, որ մինչև այժմ Պավլիկյանների շարժումը մնում է հայոց պատմության ամենամութ և չուսումնասիրված էջը: Ի դեպ, առանձին ուսումնասիրության թեմա է այն վերաբերմունքը, որ մենք տածում ենք մեր եկեղեցու պատմության նկատմամբ: Մեզանում ընդունված չէ քննադատել եկեղեցուն, կամ էլ` այդ քննադատությունը դիտարկվում է որպես սրբապղծություն: Սա առնվազն միջնադարյան մոտեցում է. պատկերացրեք` Կաթոլիկ եկեղեցու պատմությունն առանց ինկվիզիցիայի, պատկերացրեք, որ եվրոպացիք փորձեին թաքցնել ինկվիզիցիան, եկեղեցականների բարոյական կերպարի մասին պատմությունները և եկեղեցու զարգացման իրենց ուղին: Կաթոլիկ հավատացյալների հոտը վաղուց մաքրել է իր հաշիվներն իր եկեղեցու հետ, ու հիմա նրան, նրա ուսմունքին վերաբերում է բացառիկ սիրով: Իսկ Հայ Առաքելական եկեղեցու գոնե հանրամատչելի պատմությունը մի տեսակ անթերի է ստացվել, շատ անթերի: և ընդհանրապես, երբ հեռուստաէկրանին է հայտնվում «Հայ ժողովրդի հերոսական անցյալի» մասին ժողովրդին ավետող հերթական պատմաբանը, հասկանալի է դառնում, որ այսպիսի պատմաբան ունեցող ժողովուրդը պետք է նաև սափրած գլուխներ ծներ:
Այդ միայն առաջին հայացքից է թվում, որ հայ ավանդական պատմաբանի ու սափրած գլխի մեջ ոչ մի ընդհանություն չկա: Մարզված ուղեղ, մարզված մարմին, որոնք մարտնչում են հանուն կեղծիքի հաղթանակի: Մեզ իսկապես հեղափոխություն է պետք: Մենք, իմիջիայլոց, այն սակավաթիվ ժողովուրդներից ենք, որ հեղափոխություն չեն ապրել: Մեզ իսկապես հարկավոր է հեղափոխություն: Բայց այդ հեղափոխությունը պետք է նախևառաջ ոչ թե մեր փողոցներում տեղի ունենա, այլ մեր գիտակցության մեջ: Եվ այդ հեղափոխությունը պետք է տեղի ունենա մեզնից յուրաքանչյուրի ներսում, առանձին-առանձին, տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք: Եվ այդ հեղափոխության թիրախը պետք է դառնա մեր գործող ազգային գափարախոսությունը` կեղծիքը, որ արդեն հազարամյակներով մեզ պատեպատ է տալիս` թույլ չտալով դուրս գալ մարդկության պատմության ետնաբեմից, թոթափել հռոմեական, պարսկական, բյուզանդական, թուրքական, ռուսական պրովինցիայի կարգավիճակը, թույլ չտալով, որ մենք մեր երեխային դաստիարակենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, մեր մեռելոց հիշատակը հարգենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, հագնվենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, մտածենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, հարաբերվենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, ապրենք այնպես, ինչպես մենք ենք ուզում: Աստված իմ, ինչու մենք մեր երկար պատմության ընթացքում այդպես էլ չհասկացանք, որ հռոմեական, պարսկական, թուրքական լուծը թոթափելուց առաջ` նախ պետք է թոթափենք կեղծիքի լուծը, ինչու դա չենք հասկանում նաև այսօր:








































