ԵՄ ղեկավարությունում հուսով են, որ հունիսի 27-ին Հունաստանի հետ ձեռք կբերվի համաձայնություն՝ նրա պարտքային խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երկիրը Հունաստանի խոշորագույն վարկատուն է, հայտարարել է, որ Եվրախմբի ֆինանսների նախարարների հաջորդ նիստը շաբաթ օրը «վճռական նշանակություն» կունենա հունական խնդրի կարգավորման համար:
Հունսի 25-ին տեղի ունեցած հանդիպման մասնակիցները որևէ արդյունքի չեն հանգել:
Միևնույն ժամանակ ԵՄ ղեկավարները մտադիր են Հունաստանին պահել եվրոգոտում՝ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Ավելի վաղ եվրոպական աղբյուրը TASS-ին հայտնել է, որ ԵՄ որոշ երկրների ղեկավարներ արդեն կասկածում են մինչև հունիսի 30-ը Հունաստանի և միջազգային վարկատուների միջև համաձայնության հասնելու հնարավորության հարցում:
«Որոշ ղեկավարներ արդեն չեն բացառում, որ շաբաթ օրը չի հաջողվի պայմանավորվել Հունաստանի հետ, և առաջարկում են լրջորեն մտածել «Պլան Բ-ի» մասին»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «կասկածողների» թվում են Նիդերլանդների և Ավստրիայի ղեկավարները, որոնք միությանը կոչ են անում մտածել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հետևանքների մասին:
Հունաստանի վարկային ծրագիրը ավարտվում է հունիսի 30-ին, որից հետո Աթենքը չի կարողանա ստանալ 7.2 մլրդ եվրո վարկ, որը կարող է պետք լինել երկրի պարտքերը փակելու համար: Այդ միջոցները երկիրը կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե վարկատուների հետ համաձայնեցնի բարեփոխումների և բյուջետային տնտեսման ծրագիրը:








































