ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լիտվան Բուլղարիայի, Լատվայի, Ռումինիայի, Սլովակիայի և Էստոնիայի հետ միասին միացել է «Ազգային շրջանակային գաղափարին» (Framework Nation Concept), հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
Այդ համագործակցությունը հիմնված է «խելացի պաշտպանություն» սկզբունքի վրա, որի ընթացքում երկրները միավորում են պաշարները, ստեղծելով հնարավորություններ, որը նրանց անհասանելի է առանձին-առանձին: Նախագիծը 2013 թվականին ներկայացվել է Գերմանիայի կողմից: Խումբը կազմավորվել է 2014 թվականի Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Լիտվայի և ևս 5 երկրների միանալուց հետո այն դարձել է Եվրոպայի 16 երկրներից բաղկացած խումբ:
Լիտվայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ խմբի անդամները նախատեսում են ընդլայնել լոգիստիկայի, ՀՕՊ-ի, հետախուզական համակարգի, բժշկական աջակցության ոլորտները:
Մասնակից երկրները պայմանավորվել են, որ ներկայումս համագործակցության հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի միջոցառումների ամրապնդումը, որոնք ՆԱՏՕ-ին թույլ կտան ավելի լավ արձագանքել Արևելյան Եվրոպայի իրադրությանը, ինչպես նաև տարածաշրջանում պաշտպանության ամրապնդմանը:









































