Մի քանի ժամ է մնացել Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց, նստացույց իրականացնող քաղաքացիների պահանջի ժամկետի սպառմանը, որ ուղղվել է իշխանություններին: Պահանջը էլեկտրաէներգիայի գնի թանկացման որոշումը կասեցնելն է: Մեղմ ասած՝ քիչ է հավանականությունը, որ իշխանությունները կկատարեն պահանջը: Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ չկատարելու դեպքում կշարժվեն նախագահական նստավայր:
Եթե որևէ մեկն ակնկալում էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարում արձանագրվելու էր արագ հաջողություն, ապա այստեղ, իհարկե, տվյալ ակնկալիք ունեցողները մեծ մոլորության մեջ են: Եթե նրանք այդ ակնկալիքն ունենալով՝ նաև փորձում են այդ ակնկալիքը, այսպես ասած, պահանջի վերածել և դարձնել պայքարի արդյունավետության չափանիշ, ապա մոլորությունն ըստ էության կարող է վերածվել հասարակության դեմ գործվող հանցանքի, քանի որ նմանօրինակ ինդիկատորներով առաջնորդվելու դեպքում պայքարը պարզապես կվերածվի հերթական շոուի, որից կմնա միայն աղմուկն ու հայհոյանքը իշխանությունների հասցեին:
Իսկ մեզ պետք է երկու բան, ինչը, ըստ էության, ունիվերսալ է Հայաստանում ցանկացած զանգվածային խնդրի համար պայքարի շարժումից: Նախ՝ որ այդ շարժումը չվերածվի հերթական հանրային հիասթափության աղբյուրի, երկրորդ՝ որ հնարավորինս լուծվի բարձրացվող խնդիրը:
Ըստ էության թվում է, թե այս երկուսը շաղկապված են պատճառահետևանքային կապով. այսինքն՝ որպեսզի հիասթափություն չլինի, պետք է լինի լուծում: Սակայն այս կապը ուղիղ է միայն առաջին հայացքից: Իրականում հիասթափեցնողը հաճախ լինում է ոչ թե արդյունքի բացակայությունը խնդրի լուծման տեսանկյունից, այլ գերագնահատված հնարավորություններն ու ակնկալիքները հանրայնացնելը, երբ հետո պարզվում է, որ չկային այդ ակնկալիքների հրապարակայնացման համար բավարար ռեսուրսներ, հիմքեր:
Արդյունքում հիասթափություն է առաջացնում ոչ թե խնդրի լուծման բացակայությունը, այլ ըստ էության հասարակությանն առաջնորդելու այս կամ այն հայտը ներկայացնող անձանց մոտ պատասխանատվության բացակայությունը, կամա, թե ակամա բացակայությունը: Հանրությունը հիասթափվում է ոչ թե խնդրի լուծման անարդյունավետությունից, այլ առաջին հերթին իր հանդեպ անպատասխանատվության թեկուզ ակամա դրսևորումներից: Հետևաբար հանրային որևէ շարժման առաջնային խնդիրը պետք է լինի պատասխանատվությունը հանրության բոլոր ներկայացուցիչների հանդեպ՝ անկախ նրանց ուշադրության աստիճանից կամ անտարբերությունից: Պատասխանատու մոտեցումը հաճախ նույնիսկ անտարբերությունն է հաղթահարում, և հանրությունը խնդրի չլուծվածությունը կարող է նույնիսկ ստորադասել՝ նախապատվությունը տալով պատասխանատու շարժման հետագա գեներացիային թեկուզ այլ խնդիրներ ապագայում լուծելու համար:
Եվ ուրեմն՝ Ազատության հրապարակում հավաքված երիտասարդությունը, որ Հայաստանի իրապես ոսկե երիտասարդությունն է, բայց այդ բառի ոչ թե «սնդուսափայլ»-գլամուրախառն, այլ քաղաքացիական իմաստով, պետք է առաջին հերթին մտահոգվի ոչ այնքան խնդրի լուծման ժամկետներով, որքան հասարակության հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մոտիկ, թե հեռու, պատասխանատվության գիտակցումով:
Սա է այսօր ամենակարևորը՝ չխաբել մարդկանց, չասել նրանց բաներ, որոնք հետո կարող են չիրականացվել:
Այս պայքարը երկարատև պայքար է և թանկ պայքար է: Շատ ավելի կարևոր է, որ երիտասարդությունը այս պայքարում կոփվի: Թեկուզ այսօրվա խնդիրը լուծվի մի փոքր դանդաղ, տևական ժամանակում, բայց լուծվում է նաև ապագայի խնդիր, փորձառու, կոփված, խանդավառ ու ազատատենչ երիտասարդության նաև իմաստնանալու խնդիրը: Ոչ այդ երիտասարդությունն է մեկ օրվա համար, և ոչ էլ Հայաստանը: Հետևաբար հռչակված այսօրվա խնդիրը լուծելու գործում երբեք չպետք է մոռանալ, որ կա նաև ապագայի համար էներգիայի կուտակման զուգահեռ գործընթաց: Եվ պետք չէ անել քայլեր, երբ մի խնդրի լուծման համար ռիսկի տակ կհայտնվի մյուսը: Այդ դեպքում հաստատ ոչ մեկը, և ոչ մյուսը չի լուծվի:
Եվ ուրեմն՝ պետք չէ հիասթափվել, եթե այսօր հարցը չի լուծվում, եթե վաղն էլ չի լուծվում, մյուս օրն էլ: Պետք է ընդամենը լինել հանրության հետ ազնիվ, հետևողական, չգերագնահատել ռեսուրսներն ու հնարավորությունները, չտրվել պաթոսի, առերևույթ էֆեկտների գայթակղություններին: Այս ամենից զերծ մնալն արդեն իսկ հաջողություն կլինի և բազային հաջողություն, որի վրա պետք է կառուցվի արդեն կոնկրետ բարձրաձայնված խնդրի լուծման ուղղությամբ հաջողությունը: Իսկ այդ դեպքում արդեն, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:
Լուսանկարը` PAN Photo-ի









































