Այս շաբաթ Առնոլդ Շվարցենեգերը ուրախացրեց հարավային Կալիֆոռնիայի իր երկրպագուներին՝ այցելելով իր նոր «Տերմինատոր-Գենեզիս» ֆիլմի հատուկ ցուցադրությանը: spletnik.ru-ն այս շաբաթ անդրադարձել է 67-ամյա դերասանին:
Առնոլդ Շվարցենեգերը ծնվել է 1947 թ. հուլիսի 30-ին Ավստրիայի Տալ գյուղում: Հոր ազդեցությամբ նա վաղ հասակից սկսել է պարապել ֆուտբոլ, բայց 14 տարեկանից հետո գերադասել է բոդիբիլդերի կարիերան:
18 տարեկանում նրան մեկ տարով զորակոչել են ավստրիական բանակ, որտեղ նա ստացել է տանկի մեխանիկ-վարորդի ռազմական մասնագիտությունը: Ծառայության ընթացքում Շվարցենեգերը մասնակցել է «Միստր Եվրոպա» մրցույթին և երիտասարդների մեջ գրավել է առաջին տեղը: Ճիշտ է՝ նա խախտել է բանակի օրենքը, և ծառայության վայրը լքելու համար նրան պատժել են:
Ծառայությունից հետո՝ 1966 թվականին, Առնոլդը տեղափոխվել է Մյունխեն, որտեղ աշխատել է ֆիտնես ակումբում՝ հետագայում դառնալով մարզասրահի ղեկավարը:
Այդ ժամանակ նա «Միստր Տիեզերք» մրցույթում գրավում է երկրորդ տեղը, սակայն մեկ տարի անց շահում է այդ տիտղոսը` դառնալով մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը:
1968 թվականին Շվարցենեգերը տեղափոխվում է ԱՄՆ: Նա խոստովանել է, որ այդ ժամանակ շատ վատ էր խոսում անգլերեն, ինչը դժվարություններ է առաջացրել նրա համար: Բայց դա չի խանգարել, որ 1970 թվականին Նյու Յորքում նա շահի «Միստր Օլիմպիա» տիտղոսը:
Դրանից հետո նա ավարտում է իր սպորտային կարիերան: 1969 թվականից Շվարցենեգերը ակտիվորեն սկսում է նկարահանվել կինոյում: Նրա առաջին ֆիլմն էր «Հերակլեսը Նյու Յորքում», որը հետագայում դերասանը համարել է իր ամենաչսիրած ֆիլմը:
«Մնալով սոված» ֆիլմի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս»: Նրան հռչակ է բերել «Բարբարոս Կոնանը» ֆիլմը, որում նա կատարել է գլխավոր դերը:
Հետագայի ֆիլմերում` «Տերմինատոր», «Կոմանդոս», «Գիշատիչ», ձևավորվում է նրա կայուն կերպարը՝ որպես սառնասիրտ մարդասպանի, որն ամբողջ ֆիլմի ընթացքում մի քանի արտահայտություն է անում:
Բացի դրանից՝ Շվարցենեգերը նկարահանվել է կատակերգություններում, ինչպիսիք են «Երկվորյակները», «Մանկապարտեզի ոստիկանը», «Ջունիորը»:
2003 թ. նա ընտրվում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում և դառնում այդ նահանգի 38-րդ նահանգապետը, որը չի ծնվել ԱՄՆ-ում:












3









































