Անցյալ շաբաթ օրը՝ հունիսի 13-ին, տեղի ունեցավ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը, որն անցկացվեց «Եվրո 2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակում: Ցավոք սրտի, Հայաստանի հավաքականը պարտվեց պորտուգալացիներին և գործնականում զրկվեց «Եվրո 2016»-ի ուղեգրի համար պայքարից: Մինչդեռ ընտրական մրցաշարի մեկնարկին Հայաստանի հավաքականի հետ բավական հույսեր էին կապված, հատկապես, որ «Եվրո 2016»-ի եզրափակիչ փուլի մասնակիցների քանակի ավելացման որոշումը «Եվրո 2016»-ի ընտրական փուլում, այսպես ասած, անցողիկ տեղերը և ըստ այդմ էլ՝ հնարավորությունները ավելի էր մեծացրել:
Այսպես, թե այնպես, պետք է նկատել, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ, թույլ, սակայն շանսեր կան, բայց, իհարկե, դրանք կարող են իրականանալ արդեն միայն հրաշքի շնորհիվ: Այնուհանդերձ, մեր հավաքականը վատ տպավորություն չթողեց, և եթե մեկ-երկու կոպիտ սխալները չլինեին, ապա դժվար է ասել, թե ինչպես կավարտվեր խաղը: Այս առումով, իհարկե, չնայած անմխիթար արդյունքին, Հայաստանի հավաքականի խաղը մխիթարեց և հույս տվեց, որ հնարավոր է ապագայում աշխատանքի շնորհիվ վերականգնել հավաքականի այն մակարդակը, որը մենք տեսանք երեք-չորս տարի առաջ «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարում: Սակայն, Հայաստան-Պորտուգալիա խաղը միայն ֆուտբոլով չավարտվեց:

Խաղի ընթացքում տեղի ունեցավ անսպասելի արտաֆուտբոլային մի դրվագ: Խաղադաշտ վազեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նա ձեռքին պարզել էր «ազատություն քաղբանտարկյալներին» պաստառ, որով մոտեցավ Պորտուգալիայի և համաշխարհային ֆուտբոլի աստղ Ռոնալդուին՝ փորձելով պաստառը հանձնել նրան և բնականաբար նրա միջոցով ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել իր պաստառի կարգախոսի և խնդրի վրա: Եվ դա, ըստ էության, ստացվեց: Սա, իհարկե, չի նշանակում, որ ամբողջ աշխարհը սկսեց զբաղվել ազատազրկված Շանթի և նրա համակիրների, Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով, սակայն Շահենին հաջողվեց անել մի բան, որը հայաստանյան հասարակական-քաղաքական պայքարում, ըստ էության, նոր մտքի, նոր մեթոդաբանության դրսևորում էր:
Շահեն Հարությունյանը դրան եկել էր ակամա՞, թե՞ երկար մտորումների, մշակումների, գուցե հուշումների արդյունքում, այլ հարց է: Սակայն փաստ է երիտասարդի խիզախությունն ու կրեատիվությունը: Եվ այս առումով, իհարկե, Հայաստան-Պորտուգալիա խաղում Հայաստանը հաղթեց: Սակայն ոչ թե միայն հավաքականը, այլ ամբողջ Հայաստանը: Հաղթեց այն իմաստով, որ մենք ունենք նման խիզախ և պայքարի առումով կրեատիվ երիտասարդություն: Սա ձեռքբերում էր և՛ ներհայաստանյան, և՛ արտաքին տեսանկյունից: Ներհայաստանյան առումով, մենք ունենք բազում խիզախ, համարձակ, քաղաքացիական կեցվածքով աչքի ընկնող, ինքնազոհաբերության պատրաստ երիտասարդություն, սակայն մենք ունենք կրեատիվության պակաս: Եվ այս իմաստով, իհարկե, Շահեն Հարությունանի քայլը, ըստ էության, իր ձևի մեջ սովորական, սակայն բովանդակության մեջ նորարար քայլ էր, երբ ստեղծվեց հասարակական-քաղաքական պայքարի նոր հարթություն, նոր մոտեցում, երբ արտաքին աշխարհի ուշադրությունը միայն նամակներով և հայտարարություններով չէ, որ փորձ է արվում գրավել հայաստանյան իրողությունների վրա:

Արտաքին առումով, իրադարձությունը տեղիք է տալիս Ադրբեջանում անցկացվող եվրոպական խաղերի հետ համեմատության: Այդ խաղերը Ադրբեջանի իշխող վարչակարգի փիառի համար են: Միաժամանակ տարբեր միջազգային կազմակերպություններ ահազանգում են մարդու իրավունքների և ազատությունների այն կոպիտ խախտումները, որ կան Ադրբեջանում, որտեղ հետապնդվում և բանտարկվում են վարչակարգին անհաճո լրագրողներ, փորձագետներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ: Եվ ահա այս ֆոնին, Շահեն Հարությունյանի քայլը ցույց է տալիս Ադրբեջանում հասարակական-քաղաքական, քաղաքացիական անապատը, որտեղ մարզական միջոցառումներն անցկացվում են առանց որևէ բողոքի ակցիայի, իսկ աղմուկ հանում է միմիայն հակահայ հիստերիան տրիբունաներում:
Եվ այստեղ նախ ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը իր ուժն է դարձրել նավթն ու գազը, որոնք մի օր սպառվելու են կամ կորցնելու են աշխարհում իրենց գերակա, որոշիչ նշանակությունը, ապա Հայաստանի ուժը պայքարող, իրենց հայրենիքը և ազատությունը սիրող քաղաքացիներն են, երիտասարդական ներուժը, նոր ու հիանալի սերունդը: Իսկ այդ սերունդը չի սպառվելու և չի կորցնելու իր նշանակությունը, այլ ավելացնելու է: Ապագան այդ սերնդինն է և՛ Հայաստանում, և՛ աշխարհում:
Եվ միևնույն ժամանակ, Ադրբեջանի համեմատ, Շահենի արարքը, ըստ էության, ցույց տվեց, որ այնուամենայնիվ Հայաստանն Ադրբեջան չէ, և այստեղ հնարավոր է նաև այդպիսի բան, և թեև արձագանքը, վերաբերմունքը, գնահատականները և անգամ ոստիկանների վերաբերմունքը ամենատարբեր ու նույնիսկ կարող է անիրավ լինել, այնուհանդերձ Շահենն իր արարքի համար չի դատապարտվել, և սա ևս Հայաստանի առավելությունն է Ադրբեջանի հանդեպ: Թեև, իհարկե, Շահենը դատապարտվել է նոյեմբերի 5-ի գործով, լինելով անչափահաս, ինչը, իհարկե, Հայաստանի ամոթն է:
Այսպես, թե այնպես, Հայաստան-Պորտուգալիա խաղը ունեցավ մեզ համար ֆուտբոլային և արտաֆուտբոլային արդյունքներ՝ մեզ հիմքեր տալով ինչ-որ առումով տխրելու, միաժամանակ ոգևորվելու: Վերջին հաշվով, և՛ հայկական ֆուտբոլի, և՛ հայկական, ըստ էության, ամեն ինչի ապագան քաղաքացիականության և ազատության հաղթանակի մեջ է:








































