Ի՞նչ են ակնկալում Հարավային Կովկասի երկրները ՆԱՏՕ-ից, և իրականում ի՞նչ կարող է առաջարկել ՆԱՏՕ-ն այդ երկրներին. մոտավորապես այսպիսի հարցերի շուրջ էին այսօր բանավիճում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 89-րդ «Ռոուզ ռոթ» սեմինարի մանակիցները: Սա շատ կարևոր հարց է, քանի որ կարելի է հավաքվել, շատ հետաքրքիր ելույթներ ունենալ, իրար հարցեր տալ, բայց յուրաքանչյուր համագործակցության կամ առավել ևս գործընկերության հիմքում ընկած են ընդհանուր հետաքրքրություններն ու շահերը, որոնք ՆԱՏՕ-ի և Հարավային Կովկասի երկրների դեպքում կարծես թե այնքան էլ ակնառու չեն:
Ինչ կարող է ակնկալել Հայաստանը ՆԱՏՕ-ից: Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը համարվում է Ղարաբաղյան հակամարտության չլուծված մնալը, որը չնայած կիսասառեցված է, սակայն ամեն պահի այն կարող է ակտիվ փուլ մտնել: Սակայն ՆԱՏՕ-ական պաշտոնյաները հայտարարում են, որ ՆԱՏՕ-ն անմիջական մասնակցություն չունի հակամարտության կարգավորման գործում: «ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների հակամարտության կարգավորմանը ուղղված ջանքերին»,-ասում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի եվրաատլանտյան ինտեգրման և գործընկերության գծով ավագ փորձագետ Շտեֆեն Էլգերսմայը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առումով ևս ակնկալել ՆԱՏՕ-ի աջակցությունը անիմաստ է, քանի որ Թուրքիան, ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը լինելով, բավական լուրջ ազդեցություն ունի այդ կառույցի կայացրած որոշումների վրա, և նույնիսկ Հայաստանի ԱԳ նախարարն է հայտարարում, որ ՆԱՏՕ-ի ընդունած որոշ բանաձևերի հետևում երևում է Թուրքիայի լոբբինգի ազդեցությունը:
Իսկ ինչ կարող է տալ Հայաստանը ՆԱՏՕ-ին: Հայակական մի փոքր զորախումբ ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում իրականացվող խաղաղարար առաքելության շրջանակներում գտնվում է այդ երկրում: Սակայն նույն Շտեֆեն Էլգերսմայը ասում է, որ եթե ոչ հաջորդ տարի, ապա 2017թ. ՆԱՏՕ-ն կհեռանա Աֆղանստանից, և Հայաստան- ՆԱՏՕ գործընկերության այս դրվագը ևս կվերանա: Նա ասում է, որ այդ բացը լրացնելու համար կարելի է հատուկ վարժանքներ կազմակերպել, փորձել համագործակցությունը խորացնել Հայաստան-Վրաստան-ՆԱՏՕ համատեքստում, քանի որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի հարաբերությունները շատ ավելի խորն են և բազմակողմանի:
Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը անդրադարձավ նաև Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը, ով կրկնեց նախկինում հնչեցրած այն թեզը, որ Հայաստանը կամավոր չի անդամակցել ԵՏՄ-ին, որ դա չի եղել ո՛չ հայ ժողովրդի և ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների սուվերեն որոշումը, այլ պարտադրվել է Ռուսաստանի կողմից, «կայացվել է Ռուսաստանի աննախադեպ ճնշման տակ»: Շահնազարյանը ասում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը չբարձրացրեց մեր անվտանգության և պաշտպանվածության աստիճանը, այլ ընդամենը մեզ ապահովագրեց նոր սպառնալիքներից, որոնք կարող էին գալ Ռուսաստանից: Շահնազարյանը համոզված է, որ Ռուսաստանը կարող է փորձ կատարել փոխել Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված և 21 տարի պահպանվող ստատուս քվոն, և կողմերին դրդել հակամարտության վերսկսման, որի արդյունքում Ռուսաստանը կկարողանա հակամարտության գոտի մտցնել ռուսական բանակի ստորաբաժանումներ խաղաղարար առաքելության անվան տակ: Շահնազարյանը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միակն է նախկին խորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանը ռազմական ներկայություն չունի:
Այս ամեն ինչը հասկանալի է և պարզ: Բայց ի՞նչ կարող է անել ՆԱՏՕ-ն, եթե Ռուսաստանը իսկապես որոշի զորք մտցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, արդյո՞ք ՆԱՏՕ-ն պատրաստ է ինչ-որ ներգրավվածություն ունենալ այդ կոնֆլիկտում: Իհարկե նման բան ակնկալելն անիմաստ է, ինչպես որ անիմաստ էր ակնկալել, որ ՆԱՏՕ-ն կարող է ներգրավվել Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտություններին: ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ ռազմական ոչ այնքան նշանակալի օժանդակություն ցուցաբերեցին Ուկրաինային, հիմնականում զինամթերքի մատակարարումների գծով, բայց ոչ մի ՆԱՏՕ-ի անդամ երկիր նույնիսկ մեկ զինվոր չուղարկեց Ուկրաինան ռուսական հարձակումից պաշտպանելու համար:
Նույնիսկ Վրաստանը, որ այդքան զոհողություններ տվեց հանուն եվրաատլանտյան ինտեգրման, չի կարող ակնկալել, որ ՆԱՏՕ-ն կարող է պետք եկած ժամանակ օգնել իրենց՝ պաշտպանվելու Ռուսաստանից: Վրաստանին համառորեն մերժում են ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում, և վրացի փորձագետներն են փաստում, որ Վրաստանում սկսել է մեծանալ կասկածամիտների թիվը, ովքեր այնքան էլ չեն հավատում, որ ՆԱՏՕ-ն իր հովանու տակ կարող է վերցնել Վրաստանը: Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ Գիա Նոդիան, իհարկե սկեպտիկների մեջ չէ, և համոզված է, որ շարունակաբար և համառորեն պայքարելու դեպքում Վրաստանը կարող է հասնել իր նպատակին՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը՝ համարելով որ իր երկիրը «Ռազմավարական համբերատարություն պետք է դրսևորի»: Պարոն Նոդիան ասում է, որ իրենք ՆԱՏՕ-ին այլընտրանք չեն տեսնում, քանի որ ԵՏՄ-ն չի կարող անվտանգության երաշխիքներ տալ, իսկ տնտեսական զարգացման հեռանկարի առումով դա փակուղի է: Սեմինարի հայ մասնակիցներին չնեղացնելու համար, նա հիշեցնում է Դավիթ Շահնազարյանի այն խոսքերը, որ Հայաստանը պարտադրված է եղել մտնել ԵՏՄ՝ փակուղի:
ԵՏՄ-ն փակուղի է, իսկ ԵՄ-ն էլ, թեև զարգացման հնարավորություն է, սակայն այս կառույցը պատրաստ չէ իր մեջ ընդգրկել նոր անդամների, նոր աղքատ պետությունների, որոնք կարող են հավելյալ բեռ դառնալ ԵՄ-ի վրա: Այնպես որ ընտրությունը այնքան էլ մեծ չէ, չնայած համեմատության մեջ իհարկե ավելի լավ է ապրել զարգացման հույսով, քան գտնվել փակուղում, և իմանալ, որ ոչ մի դրական զարգացում ապագայում սպասել չի կարելի:
Լուսանկարը` PAN Photo-ի









































