ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը նախատեսվում է անցկացնել ապրիլի վերջին:
Հանդիպումն ուշագրավ է նրանով, որ հաջորդում է համանախագահների տարածաշրջանային այցին:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, լինելու է հերթական աշխատանքային հանդիպում: Մելիք-Շահնազարյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ ՄԽ համանախագահների պարտավորությունների մեջ է մտնում հաղորդել իրենց գործունեության և իրավիճակի վերաբերյալ ունեցած տեղեկությունները, ինչպես նաև համաձայնեցնել, համանախագահող երկրների ղեկավարների հետ:
Քաղաքագետի խոսքերով, այդ հանդիպումից չի կարելի եզրակացնել, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցություն կա. «Կարծում եմ, որ երկու երկրների շահերից է բխում խաղաղության և ներկայիս ստատուս քվոյի պահպանումը: Այդ իսկ պատճառով համանախագահների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը պարզապես իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու նպատակ է հետապնդում, քանզի վերջին շրջանում ԱՄՆ-ն կարծես թե հեռացել է այս գործընթացից»:







































