Եվ այսպես, էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումն այլևս իրականություն է և՝ տխուր իրականություն: Տխուր՝ մի քանի առումներով: Էլեկտրաէներգիայի թանկացումը սոցիալական հարված է բնակչությանը, ըստ որում՝ ոչ միայն աղքատ խավերին: Թանկացումը հարված է նաև այն շերտին, որը, ըստ էության, վճարունակ է և թանկացումից չի աղքատանալու, սակայն միևնույն ժամանակ իր վրա զգալու է թանկացման վատ հետևանքները, քանի որ թանկացումն, ըստ էության, շղթայական ռեակցիա է ունենալու ողջ տնտեսության համար: Տնտեսությանը հասցվող հարվածը տխուր իրականության մյուս երեսն է: Ըստ որում՝ տնտեսությանը հասցվում է կրկնակի հարված:
Էլեկտրաէներգիայի թանկացման համար մարդիկ, այդ թվում և՝ վճարունակ, միջին խավի ներկայացուցիչները, վճարելու են ավելի շատ: Մինչդեռ այդ գումարը կարող էր գնալ սպառման այլ ոլորտներ և ըստ էության՝ դառնար տնտեսության զարգացման խթան, քանի որ սպառումը նպաստում է տնտեսության զարգացմանը: Դրան կարող էր նաև էլեկտրաէներգիայի սպառումը նպաստել, սակայն այստեղ ոչ թե սպառման ծավալների աճի, այլ ուղղակի գնաճի մասին է խոսքը: Այն էլ՝ գնաճի, որը գնալու է, այսպես ասած, գողությունը փակելու:
Այսինքն՝ ոչ թե գեներացվելու է տնտեսական արժեքով, այլ գողություն է ծածկելու: Այլ կերպ ասած՝ ըստ էության, ստացվում է, որ ՀԷՑ-ում, մեղմ ասած, գողության, կողոպուտի ու մսխման համար Հայաստանի տնտեսությունից են գումարներ վերցվելու: Գումարներ, որոնց կարիքը Հայաստանի տնտեսությունն այսօր օդ ու ջրի նման է զգում: Եվ ներդրումներ ապահովելու փոխարեն, Հայաստանի տնտեսությունից, փաստորեն, հարյուրավոր միլիոն դոլարներ են քաշվելու ինչ-որ մեկի կամ ոմանց մսխածը լրացնելու համար:
Տնտեսությանը հասցվող մյուս հարվածը թանկացման էֆեկտն է, որը կբերի այլ ապրանքների թանկացման, կբերի Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքի ավելացման, հետևաբար Հայաստանում շղթայական այլ թանկացումների և որպես դրա հետևանք սպառման ծավալների անկման, և Հայաստանում արտադրանքի մրցունակության նվազման: Այս ամենով հանդերձ, իրականությունն, իհարկե, ոչ թե տխուր է, այլ պարզապես մռայլ:
Եվ վերջապես, դրա համար մյուս պատճառն այն է, որ Հայաստանը, որպես պետություն, խայտառակվեց հերթական անգամ, և չկարողանալով որևէ բան անել ՀԷՑ-ում մսխումների և անարդյունավետ կառավարման հետևանքով կուտակված պարտքերի հետ, չկարողանալով պատասխանատու դարձնել ՀԷՑ-ին՝ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ մտան Հայաստանի բնակչության գրպանը կամ պարզ ասած՝ տրորեցին և՛ ազգային, և՛ պետական արժանապատվություն ասածը:
Սակայն իրականության մեջ, իհարկե, իշխանությունները փրկեցին իրենք իրենց, քանի որ ՀԷՑ-ում տարիներ շարունակ կուտակված խնդիրները կուտակվել են նաև իշխանությունների աչքի առաջ, բայց լռության ներքո, և ուրեմն առնվազն լուռ մասնակցությամբ: Բայց մասնակցությունը երևի թե ոչ միայն լուռ չի եղել, այլ նույնիսկ բավական բարձր: Հենց դրա պատճառով է, որ իշխանությունները չկարողացան որևէ պատասխանատվության ենթարկել ՀԷՑ-ին և նրանից պահանջել կուտակված պարտքերի պատասխանը: Որովհետև այդ դեպքում ՀԷՑ-ի ղեկավարությունը կարող էր իշխանությունների համար անցանկալի իրողություններ բարձրաձայնել:










































