ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցելությունից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում նշված է, որ ապրիլի վերջին մտադիր են այցելել Վաշինգտոն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու նպատակով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցելու համար: Մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե համանախագահները հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով, դա լինելու է հերթական աշխատանքային հանդիպումը, և որևէ էական փոփոխության այս հանդիպումից պետք չէ սպասել:
«Նույն համանախագահները հանդիպում են նաև ՌԴ արտգործնախարարի հետ, այնպես որ, չեմ կարծում, թե որևէ արտառոց բան պետք է սպասենք այս հանդիպումից, որովհետև մեր տարածաշրջանի յուրահատկությունն այն է, որ այստեղ աշխարհաքաղաքական հավասարակշռվածություն գոյություն ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Դ. Բաբայանը:






































