Ապրիլի 11-14-ը մեր տարածաշրջան այցելությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել:
Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ համանախագահների հայտարարության մեջ կան հետաքրքիր շատ դրույթներ, մասնավորապես` այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունում են, որ ցանկացած սպառնալիք, ինչպես օրինակ քաղաքացիական ավիացիայի օգտագործման դեմ, անընդունելի է. «Սա շատ կարևոր է եւ կարելի է ասել, որ դրանով միջազգային հանրությունը ցույց է տալիս իր դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ»:
Սակայն, որպես քաղաքագետ, Բաբայանի կարծիքով, համանախագանհներն իրենց հայտարարության մեջ պետք է ավելի կոնկրետ մատնանշեին, թե ով է այն կողմը, որը պիտի պատասխանատվություն կրի նման հայտարարության համար. «Ադրբեջանը կատարել է ահաբեկչական հայտարարություն, թե կռմբակոծի քաղաքացիական ինքնաթիռները: Բայց իրենց հայտարարության մեջ ՄԽ համանախագահները կոչ են անում կողմերին. չկա ավելի կոնկրետ մեսիջ այն կողմին, որն անձամբ կատարել է նման հայտարարություն: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը նման հայտարարություն չեն արել, հետևաբար ավելի ցանկալի կլիներ, որ միջնորդները այդ հատրարությունն ուղղեին հենց Ադրբեջանին, ինչը որակապես նոր իրավիճակ կստեղծեր»:
Բաբայանը նաև հիշեցրեց, որ անգամ համանախագահների այցելության նախօրյակին Ալիևը «ֆաշիստական» հայտարարություններ էր անում և այդ հայտարարությունների ներքո կողմերին ընդհանրացնելու փորձն այնքան էլ ընդունելի չէ:
Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված է, որ տարածաշրջան այցելության ժամանակ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և «ԼՂ դե ֆակտո գոյություն ունեցող» իշխանությունների հետ: Բաբայանի դիտարկմամբ, այս հարցին մենք պետք է ավելի սառնասրտորեն մոտենանք. «Իհարկե, մեզ համար ցանկալի է, որ նրանք նշեն, որ հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահի հետ, բայց նույնիսկ եթե նշում են փաստացի իշխանություններ, ապա դա ոչ մի բան չի փոխում` մենք կանք և դա փաստ է, որ մենք կանք»:








































