ԵԽԽՎ Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը երեկ այցելել են խորհրդարան և հանդիպել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, իսկ հետո խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը հատկապես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների հետ համարյա վերածվել է սկանդալի: Նախ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը այլևս չի վստահում ԵԽԽՎ-ին, որ իրենք այլևս չեն կարող ասել, որ ԵԽԽՎ-ն օբյեկտիվ և հավասարակշռված կառույց է, քանի որ մեր հասարակությունը տեսնում է, թե ինչպես է ԵԽԽՎ-ն կատարում Ադրբեջանի պատվերները:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, որ ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ տառապում են ստոկհոլմյան սինդրոմով, քանի որ սկսել են սիրով և ակնածանքով վերաբերվել Բաքվին, որը, ըստ էության, պատանդի կարգավիճակում է պահում եվրոպական կառույցներին: Երբ Ալան Միլը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն Հայաստանին վերաբերող զեկույցում Ղարաբաղի հետ կապված որևէ տող գրել, կրքերն ավելի են բորբոքվել:
Հայկական պատվիրակության անդամները հարցրել են, թե այդ ինչպես է ստացվում, որ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդը և Թադեուշ Իվինսկին Ադրբեջանին վերաբերող զեկույցի կեսը նվիրել են Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին՝ զեկույցի մեջ ներառելով «Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի մյուս 7 գրավված շրջանները» ձևակերպումը, գրել են, որ Հայաստանի կողմից ձեռնարկված ագրեսիան և հայկական լոբբիի հակաադրբեջանական գործունեությունն է խանգարում Ադրբեջանի ժողովրդավարացմանը, իսկ դուք չեք ուզում ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը: Հայ պատգամավորները պահանջել են, որ եվրոպացիները Հայաստանին վերաբերող զեկույցում գրեն, որ Հայաստանի ժողովրդավարացմանն էլ խոչընդոտում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, տարբեր միջազգային կառույցներում այս երկրների հակահայկական պահվածքը:
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն էլ առաջարկել է, որ Հայաստանի հարցով համազեկուցողները նշեն, որ ԼՂՀ բնակիչները ապրում են իրենց պատմական հայրենիքում, և բնիկները չեն կարող օկուպացնել իրենց պատմական հայրենիքը:
Հետաքրքիր մի երկխոսություն է տեղի ունեցել Նաիրա Զոհրաբյանի և համազեկուցող Ալան Միլի մասնակցությամբ: Պարոն Միլը զարմացած հարցրել է, թե արդյո՞ք հումոր չէ հայկական կողմի այն պնդումները, որ Ադրբեջանին վերաբերող զեկույցում հայկական լոբբին մեղադրվում է Ադրբեջանի ժողովրդավարացմանը խանգարելու մեջ: Նաիրա Զոհրաբյանն էլ զարմացել է, թե ինչպես կարող էր Միլը չիմանալ դրա մասին, երբ լինելով Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ՝ քվեարկել է այդ զեկույցի համար: Հանդիպման մասնակիցներն ասում են, որ հայ պատգամավորների և համազեկուցողների լեզվակռիվը կարող էր ավելի սրվել, եթե ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չմիջամտեր՝ ասելով, որ համազեկուցողները սոված են և նրանց պետք է հնարավորություն տալ ճաշել, մանավանդ, որ համազեկուցողներն էլ իրենց հերթին խոստացել են զեկույցում ներառել հայկական կողմի մոտեցումները:
Եթե ԵԽԽՎ պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է եղել խուսափել սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկումներից, ապա խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամները խնդրել են, որ խմբակցությունները ներկայացնեն թե ինչպիսի դիրքորոշում ունեն իրենք այդ փոփոխությունների հետ կապված: Մեր տեղեկություններով՝ իրենց ընդդիմադիր հռչակած հինգ խմբակցություններից, համանախագահողները հանդիպել են միայն ԲՀԿ և ՀԱԿ ներկայացուցիչների հետ: ԲՀԿ-ն դեմ է արտահայտվել կառավարման համակարգի փոփոխությանը և կարևորել է սահմանադրության առանձին դրույթների, մասնավորապես դատարանների անկախությանը վերաբերող դրույթի կատարելագործումը, ՀԱԿ-ը վերահաստատել է այդ փոփոխություններին դեմ լինելու իր նախկինում արտահայտած դիրքորոշումը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ԵԽԽՎ համազեկուցողների օրակարգում եղել է հանդիպում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՀԱՕԿ նախագահ Ծառուկյանը երեկ մասնակցել է հայ մարզիկներին Բաքու ճանապարհելու արարողությանը, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: «Այլ հանդիպման մասին ես տեղյակ չեմ»,- հայտնեց Իվետա Տոնոյանը:
«Ժառանգություն» կուսակցությունից մեզ հայտնեցին, որ մոնիտորինգի խմբի համազեկուցողներից ոչ իրենց խմբակցությունը և ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման հրավեր չեն ստացել, չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում է և հրավեր ստանալու դեպքում էլ չէր կարող այն ընդունել:







































