Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիոն կառավարություն ձևավորել մյուս կուսակցությունների հետ:
ԺԴԿ-ն պատրաստ է դա անել նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ, սակայն պայմանով, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործի սահմանադրությամբ իրեն շնորհված լիազորությունների շրջանակներում:
ԺԴԿ-ն խոշոր հաջողության է հասել հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում՝ հաղթահարել է 10 տոկոսանոց ընտրաշեմը, և 550 հոգանոց խորհրդարանում ներկայացված կլինի միանգամից 80 պատգամավորով:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել էր, որ իրենք պետք է սահմանված ժամկետում (45 օր) ձևավորեն կոալիցիոն կառավարություն և գործը չհասցնեն նոր ընտրությունների անցկացմանը:
Դեմիրթաշն ընդգծել է, որ Թուրքիան չպետք է վախենա կոալիցիոն կառավարություններից, և որ երկիրը ղեկավարել հնարավոր է նաև այդ կերպ:









































