ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում հանդիպումներ է ունենում ԱԺ պատգամավորների, նաև Հայաստանի արտգործնախարարի և նախագահի հետ: Բնականաբար, հանդիպումների թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, սակայն թե հատկապես ինչ օրակարգով՝ դժվար է ասել: Խնդիրն այն է, որ հակամարտության կարգավորման գործընթացը ակնհայտորեն մտել է բանակցային փակուղի: Այսինքն՝ առավելագույն արդյունքը, որ կարող է ակնկալվել, այն է, որ բանակցություններով կանխարգելվի հնարավոր ռազմական բախման վերսկսումը: Սակայն ինչպես ցույց են տալիս վերջին երկու տարիները, դա դառնում է ավելի ու ավելի դժվար, և Ադրբեջանը դառնում է ավելի ու ավելի ռազմատենչ: Այսինքն՝ բանակցությունը սկսում է անարդյունավետ լինել ոչ միայն հակամարտությունը լուծելու հարցում, այլ նաև հրադադարը պահելու:
Այս պայմաններում ակնհայտ է, որ կարիք կա որևէ փոփոխության: Սակայն այս առումով միակ ձևակերպված հարցադրումն անում է Ադրբեջանը՝ փոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ու ներգրավել Գերմանիային և Թուրքիային: ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը առայժմ դեմ են սրան:
Սակայն, մյուս կողմից, կարծեք թե հնարավոր չի լինում զսպել Ադրբեջանի գոնե լոկալ սադրանքները: Իսկ այդ սադրանքների նպատակն ակնհայտ է՝ հասնել նրան, որ միջազգային հանրությունը գնա բանակցային միջնորդական ձևաչափի փոփոխության:
Դժվար է ասել, թե Ադրբեջանն այս առումով ինչքանով է մոտ իր նպատակին, սակայն չպետք է բացառել, որ հարցն այնուամենայնիվ օրակարգում ամրագրել հաջողվել է: Դրա վկայություն կարող է լինել այն, որ Մինսկի խմբի եռանախագահները ամիսներ առաջ հանդիպումներ նախաձեռնեցին Մինսկի խմբի անդամների հետ, նաև Բելառուսի իշխանությունների հետ՝ քննարկելով Մինսկի նոր կոնֆերանս հրավիրելու հարցը:
Սա վկայում է, որ Ադրբեջանին հաջողվել է հարցը մտցնել օրակարգ, և սա արդեն իսկ նշանակում է, որ ռազմական սադրանքների, շանտաժի քաղաքականությունը ինչ-որ չափով արդյունք տվել է: Առայժմ ձևաչափի փոփոխությունը մերժվում է, սակայն հարց է առաջանում, թե ինչքան կշարունակեն մերժել, եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը հրադադարի պարբերական և մահաբեր խախտումների տեսքով: Արդյոք Բաքվին զիջե՞լ են այնքան, ինչքան կարող էին, թե՞ զիջելու էլի տեղ կա:
Այս հարցը բաց է: Սրա հստակ պատասխան համանախագահների եռյակը կողմերին և հասարակություններին չի տվել: Ակնհայտ է, որ նրանք չեն կարողանում գտնել Ադրբեջանի նման սադրանքները զսպելու արդյունավետ մարտավարություն, և անգամ հրապարակավ Բաքվի պատասխանատվությունը հրադադարի խախտումների համար մատնանշելու փաստից հետո Ադրբեջանը չդադարեցրեց իր սադրանքները: Իսկ դա նշանակում է, որ եթե Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարցը դեռևս արգելակվում է, այնուամենայնիվ օրակարգից այն հանված չէ: Համենայն դեպս, առայժմ չկա քննարկման որևէ այլ առարկա նախանշող հարց:
Նկատի առնելով բանակցային գործընթացի բովանդակային դատարկությունը կամ անարդյունավետությունը, կենսունակ գաղափարների կամ տարբերակների բացակայությունը, բացառված չէ իհարկե, որ ձևաչափի փոփոխության հարցով փորձ է արվում Ադրբեջանի մոտ «հույսեր» պահել և ժամանակ շահել, այսինքն՝ լուծել գոնե նվազագույն խնդիրը և ձգել բանակցությունը՝ թույլ չտալով, որ հրադադարի խախտումներն առաջիկայում ստանան առավել լայնածավալ բնույթ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































