Իտալիայի Նեապոլ քաղաքի դատախազությունը կոռուպցիայի մեղադրանքով հետաքննություն է սկսել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հետաքննության անցկացման պատճառը նրա գլխավորած «Ազատության ժողովուրդ» կուսակցության անօրինական ֆինանսավորման և սենատոր Սերջո դե Գրեգորիոյին կաշառելու կասկածներն են: Վերջինս Բեռլուսկոնիի կուսակցություն է եկել, թեև սկզբում ներկայացնում էր ընդդիմադիր «Արժեքների Իտալիա» կուսակցությունը, որը գլխավորում էր նախկին դատավոր Անտոնիո դի Պիետրոն:
Քննիչների կարծիքով՝ գումարը, որը վճարվել է, որպեսզի Բեռլուսկոնիի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կազմի, եղել է 3 մլն եվրո: Դե Գրեգորիոն, իր հերթին, արդեն շուրջ 1 տարի է՝ գտնվում է կալանքի տակ խարդախությունների և առանձնապես խոշոր չափի շորթման մեղադրանքներով: