ԹուրքականAkşam թերթի փոխանցմամբ, պարզվել է, որ ֆրանսիական խորհրդարանական Մուրիել Մարդան-Միլլիթելոն, որի հետ ԵԽԽՎ-ում վարչապետ Էրդողանը սուր բանավեճի մեջ էր մտել, ունի ոչ թե թուրքական, այլ հայկական ծագում:
Միլլիթելոն նշել է. «Ես մորական կողմից ունեմ հայկական ծագում: Իմ պապի անունը Սեյրան է: Իմ տատն ու պապը բնակվել են Ստամբուլի Քադըքյոյ շրջանում: Պապս ուներ գորգի գործարան: Մայրս և հայրս մինչև 1915 թվականն ապրել են Ստամբուլում: Մորս անունը Մադլեն է:
1915 թվականին մի երեկո իմ պապի դուռը թակել են նրա մուսուլման ընկերները և զգուշացրել վերահաս վտանգի մասին: Դրա շնորհիվ նրանք փրկվել են և հանգրվանել Ֆրանսիայում: Պապս միայն հայերեն ու թուրքերեն գիտեր:
Ինչ վերաբերում է Էրդողանի խոսքերին, ապա նրա առաջին նախադասությունից գլխի ընկա, որ անբարյացակամ է տրամադրված ֆրանսիացիների նկատմամբ: Նա իմ հարցին կարող էր պատասխանել «այո», սակայն փոխարենը վիրավորական արտահայտություններ գործածեց: Ելնելով քաղաքավարության կանոններից` ես չպատասխանեցի նրան: ԵԽԽՎ-ն դրա տեղը չէ»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում Միլլիթելոն Էրդողանին հարց էր ուղղել Թուրքիայում տիրող կրոնական անհանդուրժողականության մասին, ինչին ի պտասխան Էրդողանը նշել էր. «Դուք խոսում եք մի բանի մասին, որից տեղյակ չեք: Մեզ մոտ` Թուրքիայում, անիմաստ (անտեղի) խոսող մարդուն անվանում են ֆրանսիացի»:








































