Երեկ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հոդվածով, որում նշել են, որ իրենք չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները, քանի դեռ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարական չի տվել: Հոդվածը միաժամանակ լույս է տեսել բրիտանական The Times թերթում, ամերիկյան Washington Post-ում և Herald Tribune-ում, ինչպես նաև արաբական Al-Hayat-ում:
«Անհավանական է, որ այն մարդը, որը փորձում էր ոչնչացնել սեփական ժողովրդին, կարող է դերակատություն ունենալ ապագա կառավարությունում: Քանի դեռ Քադաֆին իշխանության է, ՆԱՏՕ-ն և կոալիցիայի գործընկերները պետք է շարունակեն այն գործողությունները, որոնք կպաշտպանի քաղաքացիական բնակչությանը և կուժեղացնի ճնշումը ռեժիմի վրա»,- հայտարարել են Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին և Դևիդ Քեմերոնը:
Միայն Քադաֆիի հեռանալուց հետո կարող է սկսվել «իսկական անցումը դիկտատուրայից մեծածավալ սահմանադրական գործըթնացի, որը տեղի կունենա նոր սերնդի առաջնորդների ղեկավարության ներքո», նշված է հոդվածում, «բայց որպեսզի այդ գործընթացը սկսվի, Քադաֆին պետք է հեռանա և հեռանա ընդմիշտ»:
Երեկ նաև հայտնի է դարձել, որ, այդուհանդերձ, ԱՄՆ-ն մերժել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեի` լիբիական ուղղությամբ կրկին ակտիվանալու խնդրանքը,- հաղորդում է Reuters գործակալությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մարկ Թոները` նշելով, որ «ԱՄՆ-ն կշարունակի իրականացնել Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողություններին օժանդակող դերակատարություն»:







































