Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» և քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության միջև կոալիցիան անհնարին է՝ սկզբունքային տարաձայնությունների պատճառով: Այս մասին RIA Novosti-ին հայտարարել է իշխող կուսակցության Դիարբեքիրի մասնաճյուղի ղեկավար Մուհամեդ Աքարը:
«Անկասկած, մեր կուսակցությունը խորհրդարանում մեծամասնությունը կստանա և կստեղծի սեփական կառավարությունը, այդ մասին են խոսում բոլոր հարցումները և կանխատեսումները: Սակայն, եթե նույնիսկ մեր կուսակցությունը ստիպված լինի կոալիցիա կազմել, ապա դա անել քրդամետ կուսակցության հետ շատ բարդ է, քանի որ մենք և մեր ընտրողները բոլորովին այլ ձգտումներ ու ցանկություններ ունենք: Օրինակ` մենք ինչպես կարող ենք աջակցել «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության` միասեռ ամուսնություններն օրինականացնելու առաջարկությանը: Դա անհնար է, դա գաղափարական ընտրություն է»,- ասել է նա:
Աքարի խոսքերով` «Արդարություն և զարգացում»-ը մի կուսակցություն է, որը նախևառաջ պաշտպանում է ամբողջ աշխարհում մուսուլմաններին և իսլամական արժեքները:




































