ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգ օրենքի այն դրույթը, ըստ որի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախ հնչեցվում են գրավոր հարցերը, իսկ հետո միայն պատգամավորները գրանցվում են բանավոր հարցերի համար:
Նման փոփոխության անհրաժեշտություն իսկապես առաջացել էր, քանի որ մի քանի քառօրյայի ընթացքում պատգամավորները չկարողացան բանավոր հարցեր ուղղել կառավարությանը՝ գրավոր հարցերի առատության պատճառով: Գրավոր հարցերի հեղինակները հիմնականում ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորներն էին: ՀՀԿ-ականները փորձում էին կառավարությանը խիստ հաճելի հարցեր ուղղել, որպեսզի նախարարները կարողանային ցույց տալ թե որքան շատ աշխատանք է կատարվում իրենց կողմից, իսկ ՕԵԿ պատգամավորները նկարահանվում են Հ3 հեռուստաընկերության համար, և յուրաքանչյուր նման առիթ օգտագործում են եթերում երևալու համար:
Թևան Պողոսյանը որոշել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու միջոցով փոխել հերթականությունը՝ սկզբում բանավոր հարցերը, իսկ հետո միայն, եթե ժամանակ կմնա՝ գրավորները: Եթե գործող օրենքով սկզբում հարցեր են տալիս ընդդիմադիր խմբակցությունների երեքական պատգամավորներ, իսկ հետո միայն իշխանությունը ներկայացնող և անկախ պատգամավորները, ապա Պողոսյանն առաջարկում է, որ սկզբում հարցեր տան ընդդիմադիր խմբակցությունների երկուական պատգամավորներ, հետո 2 ական ոչ իշխանական և անկախ պատգամավորներ, և հետո նաև իշխանությունը ներկայացնող պատգամավորները: Օրենքի փոփոխության հեղինակը կարծում է, որ արդյունքում հավասարություն կհաստատվի, և բոլորը կառավարությանը հարցեր ուղղելու հնարավորություն կունենան:
Թևան Պողոսյանի այս առաջարկը պետք է քննարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողովի առաջիկա նիստում, և եթե այն հավանության արժանանա, ապա կմտնի խորհրդարանի օրակարգ, և հնարավոր է ընդունվի, քանի որ սա իսկապես փոխզիջումային տարբերակ է, և կարող է բավարարել ինչպես ընդդիմությանը, այնպես էլ հանրապետական մեծամասնությանը:











































