Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովին:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել արդյունավետ աշխատանքի կապակցությամբ, որ երկու կառույցներն իրականացնում են հանցավորության դեմ պայքարի 2014-2018 թվականների միջպետական ծրագրի շրջանակներում:
Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտ է հասնել գործընկերության ավելի բարձր մակարդակի, ինչը թույլ կտա հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օլեգ Կոնովալովը ներկայացրել է Բյուրոյի գործունեության առանցքային ուղղություններում նախաձեռնված փոփոխությունները, մասնավորապես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդիականացման, տեղեկատվական բազաների թարմացման և մի շարք այլ ոլորտներում:
Վլադիմիր Գասպարյանն, անդրադառնալով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, նշել է, որ ծրագրի երկրորդ փուլում առաջնահերթություն է հենց գիտատեխնիկական զարգացումը, և համոզմունք է հայտնել, որ արդիական մոտեցումները կառույցների համագործակցությունը համատեղ աշխատանքի փոխարկելու հիմք կդառնան:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:




































