Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի գազամատակարարման համակարգի «վերջին փշրանքը»՝ Մեղրի-Քաջարան 40 կմ հատվածը հանձնել «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը: Առայժմ այդ 40 կմ հատվածը Հայաստանի պետական սեփականությունն է: Կասկած չկա, որ շատ շուտով այդ «սխալը» կուղղվի, և այն ևս կդառնա ռուսական սեփականություն:
Հայաստանի էներգետիկայի փոխնախարարը դա բացատրում է նրանով, որ Հայաստանն այդ հատվածը կառուցել է իրանական վարկով, որը կարող էր տրվել միայն պետական ընկերության: Սակայն այսօր իմաստ չեն տեսնում ամբողջ համակարգը «Գազպրոմ»-ինը լինելու պարագայում այդ հատվածը պահել պետությանը: Ըստ էության, շատ պարզ տրամաբանություն է: Եվ իսկապես՝ հայ-իրանական գազամուղի Քաջարանից եկող հատվածը վաղուց արդեն «Գազպրոմ»-ինն է, հետևաբար 40 կմ այս կողմ, 40 կմ այն կողմ՝ ըստ էության, ոչինչ չի փոխում:
Խնդիրը, սակայն, այն է, որ բացի, այսպես ասած, տեխնիկա-տնտեսականից, կա նաև քաղաքական-բարոյական կողմ: Վերջին հաշվով՝ եթե մենք դեռ չենք մոռացել, այսինքն՝ եթե Հայաստանի կառավարությունը դեռ չի մոռացել, որ Հայաստանը պետություն է, ապա այդ պետության կարգավիճակը ենթադրում է քաղաքական որոշակի դետալներ, որոնք առաջին հայացքից կարող են ավելորդ լինել, սակայն, այնուհանդերձ, ունեն շատ կարևոր նշանակություն՝ թեկուզ բարոյական իմաստով:
Եվ երբ, օրինակ, պետության ողջ գազամատակարարման համակարգը տրվում է մեկ այլ պետության, այն էլ «Գազպրոմի» հետ հայտնի ամոթալի պայմանագրի հիման վրա, ապա 40 կիլոմետրանոց խողովակաշարը կարող է լինել պետական արժանապատվության, ինքնիշխանության թեկուզ սիմվոլիկ, խորհրդանշական խողովակաշար, որը կարող է ինչ-որ առումով պահել Հայաստանի քաղաքական հեղինակությունը: Առավել ևս, որ տարածաշրջանի շուրջ այսօր տեղի են ունենում հետաքրքրական զարգացումներ, որոնք կարող են լիովին փոխել ողջ պատկերը:
Փարիզում գազային կոնգրեսի ընթացքում Իրանի ազգային գազային ընկերության (NIGC) միջազգային կապերի գծով տնօրեն Ազիզոլլահ Ռամազանին հայտարարել է, որ Իրանը դիտարկում է իր գազը Եվրոպա արտահանելու 5-6 երթուղի: Իհարկե, գազը կարող է արտահանվել Իրանի հանդեպ պատժամիջոցները վերացնելուց հետո, սակայն ակնհայտ է, որ Թեհրանը քաղաքական օրակարգ է փորձում բերել մի շատ կարևոր հարց: Ե՞վ ով, եթե ոչ Հայաստանը պետք է ամենաշահագրգռվածը լինի այդ հարցն, այսպես ասած, վերցնելու և ծավալելու հարցում: Իսկ դրա համար, իհարկե, Հայաստանին քաղաքական սուբյեկտություն է պետք՝ թեկուզ խորհրդանշական մակարդակով:
Սակայն սրան զուգահեռ՝ Հայաստանը նույնիսկ այդ խորհրդանշական մակարդակն է ջնջում և վերջին 40 կմ-ն է հանձնում Ռուսաստանին՝ սրանով իսկ ցույց տալով, որ ինչ էլ խմորվի տարածաշրջանի, Իրանի շուրջ, Հայաստանի հետ որևէ գործընկերային հույս կապելը լիովին ավելորդ է: Մինչդեռ իրանական գազի՝ Եվրոպա արտահանման հեռանկարներում Հայաստանի տարածքը ևս հավանական ուղիներից մեկն է:
Սակայն ակնհայտ է նաև, որ այդ ուղին Իրանի ու Եվրոպայի համար գրավիչ կարող է լինել այն դեպքում, եթե Հայաստանը դուրս է Ռուսաստանի ենթակայությունից: Վերջիվերջո ակնհայտ է, որ իրանական գազը Եվրոպայի համար հետաքրքիր ու կարևոր է որպես այլընտրանք ռուսականին, որպեսզի դրանով թուլացվի Ռուսաստանից կախվածությունը: Եվ ուրեմն՝ եթե Հայաստանում գազատար համակարգը գտնվում է Ռուսաստանի ձեռքին, ապա սա մեսիջ է, որ Հայաստանով որևէ տարանցիկ խողովակաշար կառուցելու մասին կարելի է մոռանալ, որովհետև այն ևս շատ արագ հայտնվելու է Ռուսաստանի ձեռքին, որովհետև Հայաստանում նույնիսկ ոչինչ չորոշող 40 կմ-ը չեն կարողանում պահել Հայաստանի ձեռքին:
Մինչդեռ եթե Հայաստանը կարողանար ինքնուրույնություն ցուցաբերել այսօր թեկուզ խորհրդանշական մակարդակում, ապա իրանական գազի՝ Եվրոպա երթուղու համար Հայաստանը կլիներ երևի թե ամենահարմար տարբերակը՝ Վրաստանով և Սև ծովով, քան Թուրքիայի տարածքի տարբերակը: Այն ավելի կարճ ու էժան լինի միգուցե, սակայն որպես քաղաքական գործընկեր Եվրամիության համար՝ Հայաստանը կլիներ շատ ավելի նախընտրելի, քան Թուրքիան, հատկապես Թուրքիա-Արևմուտք լարված հարաբերությունների և էրդողանական Թուրքիայի հավակնոտության պայմաններում:
Այս ամենն, իհարկե, տեսական հարցեր են այսօր, սակայն աշխարհում գործընթացներն արագ են զարգանում, ընթանում է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, սեղմվում է Ռուսաստանի շուրջ օղակը, և այսօր տեսականը մեծ հավանականություն ունի մոտ ապագայում գործնական քաղաքականության վերածվելու, որին պետք է պատրաստ լինել: Սակայն, ինչպես երևում է, դրան ոչ թե Հայաստանն է պատրաստվում, այլ Հայաստանի հաշվին պատրաստվում է «Գազպրոմը»:









































