Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, «Էրգենեկոնի» գործով ձերբակալված թուրք լրագրողներ Նեդիմ Շեներն ու Ահմեդ Շըքը չեն ստացել Ստամբուլում հրապարակվող հայկական «Ագսօ» թերթի հերթական համարը:
Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել բանտի ղեկավարությանը, սակայն նրանց պատասխանել են, որ «Ագօս» թերթը արգելված թերթերի ցանկում է: Դա պատճառաբանվել է նրանով, որ թուրքերենից բացի, այն իր մեջ ներառում է նաև օտար լեզվով (հայերեն) հոդվածներ:
Սակայն Շեներն ու Շըքն չեն հանձնվել և բողոքով դիմել են արդարադատության նախարարություն և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով: Միայն դրանից հետո թույլատրվել է «Ագօս»-ի հանձնումը ձերբակալված լրագրողներին, սակայն դա տեղի է ունեցել թերթի հայերեն բաժինն ուսումնասիրելուց հետո:
Լրագրողները նշել են. «Դինքին սպանելով՝ չհանգստացան, այժմ էլ «Ագօսն» են արգելում: Սա այս երկրում տեղի ունեցող ամենօրյա ապօրինությունների միայն մեկ օրինակն է»:
Հիշեցնենք, որ «Ագօս» շաբաթաթերթը հիմնադրվել է 1996 թվականի ապրիլի 5-ին: Այն բաղկացած է 24 էջից, որոնցից 20-ը` թուրքերեն, իսկ 4-ը` հայերեն: Մինչև 2007 թվականի հունվարի 19-ը (իր սպանությունը) շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը Հրանտ Դինքն էր:










































