Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Սամվել Հակոբյանը (Տաքսի Սամո) ինքնաբացարկ է հայտնել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբյանը։
Թեկնածուն իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ հօգուտ առաջադրված մեկ այլ թեկնածուի՝ Էդվին Թադևոսյանի է հանում իր թեկնածությունը:
«Թեկնածուների մեծ մասն առաջադրվել է պարզապես քաղաքապետ դառնալու համար: Իսկ ես առաջադրվել էի քաղաքի հոգսերով ապրելու, քաղաքի հոգսերը լուծելու համար: Ու շատ պատահական զրույցից իմացա, որ Էդվին Թադևոսյանը ևս հենց այդ մղումներով է առաջադրվել, դրա համար էլ որոշեցի հանել իմ թեկնածությունը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ եթե մնար էլ, ապա հաստատ շատ ձայներ կհավաքեր, քանի որ 50 տարի է՝ Աբովյանում է ապրում, բոլորն իրեն ճանաչում են:
Նա կարծում է, որ Էդվին Թադևոսյանը շատ մեծ շանսեր ունի, քանի որ նրան էլ են աբովյանցիները լավ ճանաչում ու գիտեն՝ ինչի համար է առաջադրվել: «Գիտեք ինչ կա, այսօր շտաբ բացելով, շտաբի պատից նկար կախելով ու մեքենաներով քաղաքում շրջելով չի որոշվում: Մենք ճանապարհ ունենք անցած, ու հավատացած եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Հակոբյանը:
Մեր հարցին՝ իր ինքնաբացարկով արդյոք չամրապնդե՞ց այն կասկածները, որ ինքը դրածո թեկնածու էր, նա արձագանքեց. «Ոչ, ես դրածո չեմ: Բոլոր թեկնածուները մտածում էին, որ ես չեմ առաջադրվի, մտածում էին, որ չեմ դնի իմ թեկնածությունը, բայց երբ տեսա՝ ովքեր են առաջադրվում, հասկացա, որ պետք է դնեմ, քանի որ մեր քաղաքին սրտացավ մարդ է պետք: Սակայն հիմա, երբ տեսնում եմ, որ այդպիսի մեկ այլ թեկնածու էլ կա, հանում եմ իմ թեկնածությունը»:
Ինչ վերաբերում է իր մականվանը, ապա Հակոբյանը վրդովված ասաց, որ Տաքսի Սամո իրեն ասում են միայն «Ջիփերով հաստավիզները», իսկ Առինջում իրեն բոլորը ճանաչում են որպես ծերունի Վանիկ:
Հիշեցնենք, որ Սամվել Հակոբյանի ինքնաբացարկից հետո Աբովյանում մնաց 5 թեկնածու: Քաղաքապետի ընտրությունը կայանալու է հունիսի 7-ին:









































