«Այսօր Ազատամարտիկների դաշինքը կմասնակցի Ազատության հրապարակում մեկնարկող՝ ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման բողոքի մեծ երթին։ Մենք անտարբեր չենք, ապօրինի որոշում է հոսանքի հնարավոր թանկացումը. եթե այսօր իրենց բացթողումների, իրենց սխալ կառավարման, իրենց եկամուտների պակասի համար պետք է քաղաքացին վճարի, ես այդպիսի կառավարում չեմ պատկերացնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։
Նա նշեց, որ չեն հանդուրժելու նեգատիվ որևէ երևույթ մեր իրականության մեջ և պայքարելու են դրա դեմ։ Նրա խոսքով՝ ազատարամարտիկները ամեն պայքարում կան: «Փառք ու պատիվ մեր այն երիտասարդներին, ովքեր քաղաքացիական կեցվածք ունեն, և մենք զորավիգ ենք լինելու նրանց»,- ասաց նա։
Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ բոլոր ազատամարտիկներն էլ մասնակցելու են այսօրվա երթին, այն բոլոր ազատամարտիկները, ովքեր իրականում իրենց ընկերների կյանքի կամ առողջության հաշվին ձեռք բերած պետության համար ցավում են, շարունակելու են պայքարը։
Ազատամարտիկը վստահ է, որ իշխանությունների բոլոր քայլերը կոչված են երկիրը դատարկելուն, սոցիալապես այն վիճակին հասցնելուն, որ մարդը ուղղակի փախչի այս երկրից։
«Էլեկտրաէներգիան թանկանում է, ամեն ինչ թանկանում է, կյանքը թանկանում է, բայց աշխատավարձը չի բարձրանում: Բացի մարդու կյանքից՝ այս երկրում ամեն ինչ թանկ է, դրա համար այսօր պետք է պայքարենք»,- ավելացրեց նա։
Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հատվածական պայքարները համայնքների խոշորացման դեմ կամ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սպառում են ժողովրդի ընդդիմադիր բարոյահոգեբանական էներգիան, հարկավոր է համախմբվել և արմատական փոփոխություն իրականացել։
«Էլեկտրաէներգիայի թանկացումը սարսափելի ծանր բեռ է ժողովրդի համար, բայց որ հիմա գնան-աղմկեն, 17 դրամից տասը հանեն, 7-ը պահեն ու ասեն՝ արա՛, տեսա՞ք, հարիֆներին ոնց կերցրինք… Ես՝ որպես հասարակության անդամ, կարծում եմ՝ Ազատության հրապարակում հավաքվելը պարտադիր չէ, կարելի է գնալ, բայց այն ոչ մի օգուտ չի տալու, քանի որ արմատական փոփոխություններ է պետք իրականացնել, մտածելակերպն է պետք փոխել: Այսօր հասարակության ակտիվ մասը՝ 30-40 տոկոսը, թշնամացած է իշխանությունների դեմ»,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, հնարավոր է՝ ինքն էլ մասնակցի բողոքի երթին։
Իսկ հարցին՝ իր նշած արմատական փոփոխությունները, իշխանափոխություն ինչպե՞ս կարելի է օր առաջ իրականացնել հարցին Մանվել Եղիազարյանը արձագանքեց. «Ամեն անգամ իշխանությունները օգտագործում են իրենց ադմինստրատիվ ռեսուրսները, որոնք հույս են փայփայում, որ իրենց թեկնածուն կհաղթի, իսկ այն մարդիկ, ովքեր ավելի համոզիչ խոսք կարող են ասել, ազնիվ են, որ թաթախված չեն ոչ մի բանի մեջ, այդպիսի մարդիկ շանս չունեն, ֆինանսներ չկան: Երբ ժամանակը գալիս է, մարդիկ հնարավորություն չունեն տեղափոխվելու, դրա համար մեր ընդդիմադիր պայքարը անընդհատ պտտվում է մեկ-երկու-երեք մարդու անվան շուրջը։ Ընդդիմադիր դաշտ դրա համար չի ձևավորվում։
Մարդիկ կան, որ ունեն լավ թիմ հավաքելու հնարավորություն, լավ մարդկանց, որոնք կարող էին ավերել երկիրը, բայց նրանք չեն թալանել: Այդպիսի մարդկանցով կարելի է ստեղծել մի գեղեցիկ ուժ, ֆինանսներ ծախսել, մարդկանց հանդիպումներ կազմակերպել։ Դրա համար հարկավոր է ձևավորել նորը՝ թեկուզ ընտրել չարիքի փոքրագույնը»,-ասաց նա։
ԴԻտարկմանը, որ իշխանությունը ամեն անգամ չեզոքացնում է պայքարը, ինչպես արեց դա փետրվար ամիսն, Մանվել Եղիազարյանն արձագանքեց. «Տվյալ անձնավորությունը, որն ինքը վստահ չէ, որ կարող է բարձրանալ Գողգոթա, նա կարող է օգնել անձին, որը իրավունք ունի և կարող է այդ խաչը կրել: Մեր հայրենիքին պետք է ընդամենը ազնիվ և հայրենասեր նախագահ»։








































