Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ներկայացրել է իր հնարավոր ժառանգորդին: Օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իտալիայի վարչապետը, որի անվան շուրջ վերջին մի քանի ամիսներին աղմկոտ սկանդալներ են սկսվել, հայտարարել է, որ չի պատրաստվում 2013 թ. իր թեկնածությունն առաջադրել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա կարծիք է հայտնել, որ իր պաշտոնը կարող է զբաղեցնել արդարադատության գործող նախարար Անջելինո Ալֆանոն: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Ալֆանոն վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանի համար, որ հեղինակել է Իտալիայում դատաքննությունների ժամկետները կրճատող օրինագիծը, որն էլ ապրիլի 13-ին ընդունել է Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը: Վարչապետի թիմը կարծիք է հայտնել, որ այս փոփոխություններով հնարավոր կլինի արագացնել դատավարությունների ընթացքը, որոնք երբեմն շատ երկար են տևում:









































