Կոլեկցիոներ Մարիանո Բելյևերից 15 տարի է պահանջվել իր երազանքն իրականացնելու համար: Նա Սևիլիա քաղաքին արվեստի գործերի հավաքածու է նվիրել, որը նա հավաքել է ավելի քան 50 տարի՝ հայտնում է El Pais թերթը:
Նվերի ընդհանուր արժեքը 14 մլն եվրո է: Հավաքածուն բավական բազմազան է. այնտեղ կա և՛ XVI դարի ֆիլիպինյան փղոսկր, և Մեյսենի ճենապակի: Հավաքածուի մարգարիտը XIX դարի Սևիլիայի դպրոցի նկարչի կենցաղային թեմայով կտավն է:
Ընդհանուր առմամբ նվիրվել է 364 նկար, որոնցից մոտ 30-ը պատկանում են Խոսե Գարսիա Ռամոսի վրձնին, մի քանիսը՝ Սանչես Պերյեին, 2-ը՝ Գոնսալո Բիլբաոյին և Վիլյեգաս Կորդերոյին և այլն: Հավաքածուն, բացի գեղանկարչությունից, ներառում է քանդակներ, կերամիկա և կահույք:
Տարբեր բյուրոկրատական քաշքշուկների պատճառով, որոնք տևել են մոտ 15 տարի, Բելյևերը սկսել է մտածել աճուրդ կազմակերպելու մասին, որից ստացված գումարը պետք է հատկացվեր բարեգործությանը: Սակայն անցած շաբաթ կոլեկցիոները վերջապես Սևիլիայի քաղաքապետարանի հետ նվիրատվության մասին համաձայնագիր է ստորագրել:
«Ինձ փող պետք չէ, ես երբեք չեմ վաճառել իմ հավաքածուի նմուշները, ուզում եմ, որ Սևիլիայի բնակիչները կարողանան հավերժ դրա տերը լինել: Նվերներ անելը շատ ավելի հաճելի է, քան ստանալը»,- ասել է Բելյևերը:
Թերթի հաղորդմամբ՝ հավաքածուն կտեղավորվի Aníbal González շենքում: Սակայն այն տեսնել հնարավոր կլինի միայն 2016թ. դեկտեմբերի 5-ին՝ Բելյևերի 90-ամյակի օրը:











































