«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի գործակալ Էյդի Ուորդը հայտարարել է, որ ֆուտբոլիստն ակումբի հետ նոր պայմանագիր չի ստորագրի անգամ այն դեպքում, եթե նրան շաբաթական 900 հազար ֆունտ աշխատավարձ առաջարկեն: Գործակալը նաև պատասխանել է լիվերպուլյան ակումբի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի քննադատությանը, ով հայտարարել էր, որ Ստերլինգը պետք է փակի բերանն ու փոխի գործակալին:
«Ինձ չի հետաքրքրում ակումբի իմիջը: Դա ինձ ընդհանրապես չի վերաբերվում: Ռահիմը հաստատ նոր պայմանագիր չի ստորագրի: Կարևոր չէ, թե որքան աշխատավարձ կառաջարկեն նրան՝ շաբաթական 700, 800 թե 900 հազար ֆունտ:
Իմ աշխատանքն է լավ պայմաններ ստեղծել հաճախորդներիս համար: Եթե մարդիկ ասում են, որ ես վատ եմ աշխատում կամ վատ խորհուրդներ եմ տալիս, ապա դա իմ խնդիրը չէ: Կարագերը հիմար է: Բոլորը գիտեն դա: Ինձ չի հետաքրքրում նախկին ֆուտբոլիստների և փորձագետների քննադատությունը»,- London Evening Standard-ը մեջբերում է գործակալի խոսքերը:





































