Ադրբեջանական Radioazadlyg.org կայքի փոխանցմամբ, Freedom House-ի նոր զեկույցում նշված է, որ աշխարհի մի շարք երկրներում ինտերնետը գրաքննության ենթարկելու փորձեր են ձեռնարկվել: Դա, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանին, ուր թեև ոչ ակնհայտ, այնուամենայնիվ, ձեռնարկվել են նմանատիպ փորձեր:
Ադրբեջանական կառավարությանը քննադատած բազմաթիվ լրագրողներ ենթարկվել են հետապնդումների ու ճնշումների: Ավելին, մի շարք դեպքերում պաշտոնատար անձանց քննադատած լրագրողները ենթարկվել են դաժան ծեծի:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով`Ադրբեջանում ընդդիմադիր և անկախ լրագրողները մշտապես գտնվում են իշխանական ճնշման տակ.
«Ադրբեջանում վիրավորանք հասցնելու պատժվում է մինչև երկու տարվա ազատազրկմամբ: Շատերը վստահ են, որ Ազգային անվտանգության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը գաղտնալսում է հեռախոսազրույցներն ու ինտերնետային շփումները:
Դա, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանում գտնվող կամ բնակվող օտարազգիներին, հայտնի քաղաքական գործիչներին, բիզնեսի ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպությունների հետ շփում ունեցող անձանց:
Օրինակ, Ադրբեջանում դեպք է գրանցվել, երբ Ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննել է 43 մարդու, ովքեր «Եվրոտեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ քվեարկել էին հայ մասնակցի օգտին:
Փաստաթղթում նշված է նաև այն մասին, որ OpenNet Intitiative կազմակերպության տվյալներով, ադրբեջանական կառավարությունն ուղղակիորեն գրաքննություն չի կիրառում ինտերնետում` թեպետև շատ կոշտ դիրքորոշում ունի քաղաքական ընդդիմության նկատմամբ:
Ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե կառավարությունը ոչ մի կերպ չի միջամտում երկրի ինտերնետ տիրույթին: Իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները այդ ոլորտում հնչած քննադատությունները սովորաբար որակում են որպես Ադրբեջանի վրա միջազգային կառույցների կողմից գործադրվող ճնշման փորձեր»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում քաղաքացիական ազատությունների կոպիտ ոտնահարման համար Ադրբեջանը մեծ քննադատության էր արժանացել ԵՄ-ի ու ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:
Արձագանքելով ԱՄՆ պետդեպարտամենտի «Մարդու իրավունքների» զեկույցին` ադրբեջանական իրավապաշտպան, «Թղթակիցների ազատության ու անվտանգության ինստիտուտի տնօրեն» Էմին Հուսեյնովը նշել էր.
«Այդ փաստաթուղթն արտացոլել է ադրբեջանական ներկայիս իրականությունը: 2011 թվականի սկզբից ի վեր, Ադրբեջանում իրավիճակն էլ ավելի է վատացել, քանի որ վերականգնվել է վերջին 4 տարում մոռացված լրագրողների առևանգման ու ծեծի պրակտիկան:
Օրինակ՝ 10 օրվա ընթացքում` մարտի 26-ից ապրիլի 4-ը, դաժան ծեծի են ենթարկվել ընդդիմադիր «Ազադլիք» թերթի աշխատակիցներ Սեյմուր Խազիևն ու Ռամին Դեկոն»:








































