Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, երեկ տեղեկացրել է, որ ծրագրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Հիշեցնենք, որ համանախագահները տարածաշրջանում են:
Ըստ աղբյուրի` Վաշինգտոնում առաջիկա շաբաթների ընթացքում կայանալիք հանդիպման ժամանակ միջնորդները պետքարտուղարին տեղեկացնելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին:
Երեկ մենք փորձեցինք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից այս տեղեկության հավաստիությունը ճշտել, սակայն մինչև ուշ երեկո մեզ չէին հաստատել կամ հերքել այս լուրը: Եթե այս տեղեկությունը իսկապես հաստատվի, ապա կասկածից վեր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը, բնականաբար, Վաշինգտոնի հովանու ներքո մի գործընթացի մեկնարկ է: Վստահաբար կարելի է պնդել, որ սա ԵԱՀԿ ՄԽ նախկին նախագահ, այժմ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզայի նախաձեռնությունն է:
Ի՞նչ կարող է սա նշանակել: Այստեղ կարող է լինել մեկ պատճառ: 2008 թվականից ընթացող և ձգվող Կրեմլի հովանու ներքո ղարաբաղյան կարգավորման գործընթացը հստակ է, որ որևէ նշանակալի արդյունք չի տվել: Եվ չի կարելի բացառել, որ Վաշինգտոնի համբերությունը պարզապես սպառվել է: Դատեք ինքներդ… ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի հովանու ներքո կազմակերպվող նախագահների մակարդակով հանդիպումները արդեն հասել են Կարմիր խաչի գրասենյակի աշխատանքի գործառույթներին: Արդեն մի քանի հանդիպումներում նախագահները, պարզվում է, քննարկում են ռազմագերիների փոխանակման հարցերը…
Ինչ վերաբերում է բուն «փաստաթղթային» բազային, ապա գոյություն ունի մի իրավիճակ, երբ հայկական և ադրբեջանական կողմերը, հղում կատարելով նույն փաստաթղթին, նշում են օրինակ, որ Ադրբեջանի իշխող կուսակցության` «Ենի Ազերբայջան»-ի ներկայացուցիչներն են շեփորահարում իրենց հաղթանակը` «կարգավորման սկզբունքներում հարգվում է տարածքային ամբողջականության սկզբունքը»: Հետ չեն մնում նաև մերոնք. ՀՀԿ մամլո քարտուղարը օրերս հեռուստաեթերից նույնն բանն էր կրկնում, պարզապես «տարածքային ամբողջականության» փոխարեն` «ազգերի ինքնորոշման» սկզբունքի ամրագրումն էր որպես հայկական կողմի հաղթանակ ներկայացնում…
Ինչևէ, եթե այժմ հերթը Վաշինգտոնինն է, ապա այդ հարցում Մեթյու Բրայզան իր ջանքերը չի խնայելու: Ի դեպ, վերջին շրջանի` Բաքվում նրա արած հայտարարությունները` թե՛ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների, թե՛ Ստեփանակերտ ուղևորվող օդանավերը ռմբակոծելու անթույլատրելիության մասին, արդեն հասցրել են մի իրավիճակի, որ Բրայզային սկսել են Բաքվում մեղադրել հայամետ քաղաքականութուն վարելու մեջ: Սակայն պարզ է, որ մեծ բարդություններով Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակված Մեթը նախ ամերիկացիներին ու ԱՄՆ-ում իրեն ադրբեջանամետության մեջ մեղադրող հայերին պիտի ապացուցեր իր չեզոքությունը… Թե դեպքերն ինչ հունով կզարգանան Վաշինգտոնի ջանքերի հարցում` պարզ կլինի առաջիկայում:
Մի ուշագրավ հանգամանք ևս: Երեկ` համանախագահների տարածաշրջանային այցի ֆոնին Բաքուն առիթը բաց չի թողել հիշեցնելու իր մասին, սակայն այս անգամ նաև բացահայտումներ են արվել: Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Նախարարների խորհրդի նիստում, անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին. «ԼՂ հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել. այն պետք է ամբողջովին լուծվի միջազգային իրավունքի նորմերի շրջանակում: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղին անկախություն տրամադրելն անհնար է թե՛ հիմա, թե՛ հետագայում: Դա չի հանդիսանում և չի հանդիսանալու մեր բանակցությունների թեման: Ադրբեջանը հանուն իմիտացիայի չի մասնակցի բանակցային գործընթացին: Դա է մեր կտրուկ որոշումը, և ստատուս քվոն պետք է փոփոխության ենթարկվի»:
Ապա անդրադառնալով ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցին` Ալիևը նշել է. «Մենք վաղուց էինք տեղյակ դրանում տեղ գտած արդյունքներին: Սակայն ուշագրավն այն է, որ դրանում անթույլատրելի էր համարվում «օկուպացված» շրջաններում արհեստականորեն վարչական սահմանների փոփոխությունը: Այդ պահանջն անմիջականորեն ուղղված էր Հայաստանին: Մենք քաջատեղյակ ենք, որ տեղական իշխանությունները գործում են Հայաստանի ցուցումով: 2005 թվականի հաշվետվության համեմատ` այս հաշվետվությունում նշվել է «օկուպացված» տարածքներում «ապօրինի» բնակեցման քաղաքականության մասին: Դա, մասնավորապես, վերաբերում է Լաչինի և Քելբաջարի շրջաններին: Դրանցում գրանցվել է «ապօրինի» բնակեցման 14.000 փաստ, այսինքն` այդ շրջաններում բնակվում են 14.000 մարդիկ, ովքեր այնտեղ «չպետք է ապրեին», ասել է Արդբեջանի նախագահը:
Ինչպես նկատում եք, Ադրբեջանի նախագահը Բաքվի դիվանագիտական հաջողությունը հասարակությունից թաքցնել չի ցանկացել: Մի կողմ դնենք այն հարցը, որ թերևս այդ զեկույցի բովանդակությունը գաղտնի պահելու պայմանավորվածություն ձեռք բերված կլիներ, իսկ Ալիևը դա խախտել է: Այստեղ ակնհայտ երևում է, թե հայկական կողմի կեցվածքը բանակցային գործընթացում ինչ «բոնուսներ» է ընձեռում Բաքվին: Նրանք ձեռք են բերում «փաստեր ապօրինության» վերաբերյալ, դրանք ամրագրում են համանախագահների մակարդակով, և զարմանալի չի լինի, որ մի օր էլ պարզապես ասեն` «Ղարաբաղը դատարկվում է, բայց դա Հայաստանին պե՞տք է…»:








































