Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայիսի 19-21-ը պաշտոնական այցով Արցախում են գտնվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն ու Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ծրագրով նախատեսված առաջիկա համատեղ անելիքները: Այնուհետ պատվիրակության անդամները Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել են հուշահամալիր: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ են դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին:
Երևանյան պատվիրակության անդամները եղել են նաև Ստեփանակերտի զորամասում և սահմանային հենակետերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ վարչական շրջանների ղեկավարները բարի ծառայություն են մաղթել զինվորներին և նրանց փոխանցել դպրոցականների պատրաստած նվերները, ինչպես նաև՝ հեռուստացույցներ:
ԼՂՀ այցի շրջանակում վարչական շրջանների պատվիրակությունն այցելել է նաև Հադրութ, հանդիպել Հադրութի շրջանի վարչակազամի ղեկավար Վալերի Գևորգյանի և Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանի հետ: Երկկողմ կապերի հաստատման և ամրապնդման նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Հարությունյանն ու Արթուր Կիրակոսյանը բարեկամության հուշագրեր են ստորագրել Հադրութի շրջանի վարչակազամի և Հադրութ քաղաքի միջև:
Որպես բարեկամության սկիզբ՝ Հադրութին են հանձնվել «Երևան-Հադրութ» գրությամբ նստարաններ, աղբամաններ և այլ գույք:
Պատվիրակությունը եղել է նաև Հադրութի մանկապարտեզում և դպրոցում, ծանոթացել պայմաններին և առօրյայի կազմակերպմանը:









































