Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լիարժեք նորմալացումը շատ երկար ժամանակ կպահանջի՝ կարծում է Կուբայի փոխարտգործնախարար Մարսելինո Մեդինան։
«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, փուլի սկիզբն է, որն առկա հարցերի լուծման դեպքում թույլ կտա հետագայում անցնել ավելի խորը թեմաների քննարկման, ինչպիսիք են շրջափակման դադարեցումը, Գուանտանամոյում ռազմածովային բազայի ապօրինաբար զավթված տարածքի վերադարձը կամ անօրինական ռադիո և հեռուստահեռարձակումների դադարեցումը»,- ասել է Մեդինան՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Կուբացի դիվանագետը նշել է, որ մայիսի 21-ին կայանալիք բանակցությունների ընթացքում չի նախատեսվում բազայի ճակատագրի քննարկում, քանի որ հիմնականում քննարկումը կլինի դեսպանատների բացման և դիվանագիտական հարաբերությունների վերսկսման թեմայով։
Ավելի խորը հարցերը շատ երկար ժամանակ են պահանջում՝ ասել է նա։







































