Պենտագոնում քննարկում են Ուկրաինային ռազմական օգնության բոլոր տարբերակները, և դրանցից ոչ մեկը չի բացառվում: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էվելին Ֆարքասը:
«Մենք Կիևում մեր դեսպանատան միջոցով մշտական կապի մեջ ենք Ուկրաինայի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ: Մենք միշտ տեղյակ ենք առաջնահերթություններին և պահանջմունքներին: Վաշինգտոնում մենք գնահատում ենք՝ հատկապես ինչպիսի օգնություն կարող ենք ցուցաբերել: Պաշտպանության նախարարն անձամբ է մասնակցում այդ գործընթացին, և ես կարող եմ հավաստիացնել, որ քննարկվում են բոլոր տարբերակները Ուկրաինային զենք տրամադրելու վերաբերյալ»,- ասել է Ֆարքասը:
Նրա խոսքով՝ Պենտագոնն աշխատում է Ռուսաստանին Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը վերադարձնելու համար:
«Մեր ռազմավարության մեծ մասն Ուկրաինային աջակցություն տրամադրելն է: ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն մոտ 200 մլն դոլար օգնություն է տրամադրել Ուկրաինայում անվտանգության ապահովման համար: Այն ստացվել է Ուկրաինայի զինված ուժերի և սահմանամերձ ծառայության համար: Խոսքը համազգեստի, զրահապատ մեքենաների, հակաականանետային ռադարների, բժշկական իրերի, ուսուցման մասին է… Մենք շարունակում ենք օգնություն ցուցաբերել, որովհետև ստանձնել ենք այդ պարտավորությունը»,- նշել է Ֆարքասը:










































