Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական աղմկոտ պատմությունն ըստ էության «ավանդական» լինելով և՛ այդ ընտանիքի, և՛ նաև Հայաստանում անպատժելիության մթնոլորտի առումով՝ այս անգամ ինչ-որ առումով ունեցավ աննախադեպ դրսևորում: Խաչատրյանի որդին հեռացավ Հայաստանից:
Սա իսկապես նոր իրավիճակ է ինչ-որ առումով: Նախկինում, նույնիսկ Ավետիք Բուդաղյանի սպանության ողբերգական, աղմկոտ դեպքի պարագայում Սուրիկ Խաչատրյանի որդին չէր հեռացել: Նա նույնիսկ որոշ ժամանակ կալանքի տակ հայտնվեց: Այս անգամ, չնայած չկա սպանություն, չկա մահ, այնուամենայնիվ՝ Սուրիկ Խաչատրյանի որդին լքել է Հայաստանը և այդ կերպ խուսափել իրավապահների հետ շփումներից, օրենքի հետ շփումներից:
Եվ այս իրավիճակում առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն այլ կերպ հնարավոր չէր, այսպես ասած, անձեռնմխելիություն ապահովել: Սա էլ իր հերթին հարց է առաջ բերում՝ ինչո՞ւ հնարավոր չէր, եթե նախկինում ավելի վատ և աղմկոտ իրավիճակներում, ըստ էության, եղել է ապահովել անձեռնմխելիություն Հայաստանում: Սա էլ իր հերթին մեկ այլ հարցադրման հիմք է տալիս՝ իսկ միգուցե Սուրիկ Խաչատրյանի որդին ոչ թե Հայաստանից հեռանալով է միայն կարողացել անձեռնմխելի մնալ, այլապես նրան կարող էին այս անգամ ենթարկեցնել օրենքին, այլ միգուցե Սուրիկ Խաչատրյանի որդու անվտանգությունը Հայաստանում այլևս իշխանությունները անկարո՞ղ են եղել ապահովել, և եղել է նրա հանդեպ, այսպես ասած, ինքնադատաստանի մեծ ռիսկ, ինչից խուսափելու համար էլ Լիսկայի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, հնարավորություն է տրվել հեռանալ երկրից:
Այսպես, թե այնպես՝ Լիսկայի որդու՝ հանրապետությունից հեռանալու այս փաստը ըստ էության խոսում է այն մասին, որ իրավիճակը որոշակի առումով այնքան էլ սովորական չէ: Ակնհայտ է, որ ընտրվել է զարգացման ինչ-որ մասով ոչ սովորական ճանապարհ: Եվ եթե մի կողմից՝ հերթական անգամ հիմքերը կան՝ պնդելու, որ Հայաստանում կրկին անպատժելիության ավանդույթն է գործել, և Խաչատրյան ընտանիքը բարձրագույն իշխանության կամքով վեր է դասվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, ապա մյուս կողմից՝ կարծես թե ունենք մի իրավիճակ, երբ Լիսկան որդուն պատժից կարողացել է ազատել՝ առնվազն ինչ-որ ժամանակով նրան փախցնելով Հայաստանից:
Սա, անշուշտ, բացարձակապես չի նշանակում, որ փախցրել է օրենքից, այլապես իշխանությունները իրավապահ համակարգին որևէ կերպ չէին խոչընդոտի օրենքը կիրառել Խաչատրյանների հանդեպ ողջ խստությամբ: Ավելին՝ Խաչատրյանը որդուն հենց իշխանությունների թողտվությամբ է փախցրել:
Սակայն փաստը ինքնին, որ ընտրվել է լուծման այս տարբերակը, բավականին խոսուն է և վկայում է, որ հերթական աղմկոտ դեպքում ավանդական մեխանիզմից ինչ-որ բան չի աշխատել այնպես, ինչպես միշտ: Եվ այստեղ կարիք կա հասկանալու իհարկե՝ խափանվե՞լ է ինչ-որ բան, թե՞ իշխանությունները այս դեպքում փորձում են պարզապես գործարկել համակարգային անպատժելիության որևէ նոր մոդել և այն կիրառել ապագայում՝ հանցանք գործել և հետո հեռանալ Հայաստանից:
Սրան զուգահեռ, իհարկե՝ պակաս հավանական չէ և այն, որ իշխանությունները անզոր են կարգի հրավիրել Լիսկայի որդուն, և միակ բանը, որ նրանք կարող են անել, խնդրել, որ որդին հեռանա Հայաստանից. դա է միակ ճանապարհը և տարբերակը, որպեսզի նա ինչ-որ ժամանակ անց կրկին չհայտնվի աղմկոտ և ողբերգական պատմության մեջ և ծանր իրավիճակի առաջ չդնի իշխանություններին՝ հատկապես, երբ առջևում լուրջ ներքաղաքական և ներիշխանական գործընթացներ են, և ավելորդ աղմուկը Սերժ Սարգսյանին բացարձակապես պետք չէ:
Այլ կերպ ասած՝ իշխանությունը Սուրիկ Խաչատրյանի որդուն արձակուրդ է ուղարկել, որ ինքն այստեղ մի քիչ հանգստանա:




































