Ներկայումս նրանց թիվը, ովքեր Internet.org նախաձեռնության շնորհիվ համացանցից օգտվելու հնարավորություն են ստացել, հասել է 1 մլրդի: Այս մասին իր էջում հայտնել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
Անվճար հասանելիություն է տրամադրվում Wikipedia-ի, Facebook-ի, ինչպես նաև առողջապահության և հատուկ հավելվածի միջոցով աշխատանքի տեղավորման հնարավորությունների մասին տարբեր ռեսուրսների համար: Այդ նախաձեռնության իրագործումը հնարավոր է դարձել տեղական TNM և Airtel Malawi օպերատորների հետ սոցիալական ցանցի գործընկերության շնորհիվ:
«Մարդկանց ցանցի անվճար հասանելիություն տրամադրելը ճիշտ բան է: Մենք կշարունակենք գնալով ավելի շատ բնակիչների և երկրներ միացնել և կանգ չենք առնի, մինչև աշխարհում յուրաքանչյուր մարդ կարողանա միանալ համացանցին»,- գրել է Ցուկերբերգը:
Internet.org-ը ներկայումս գործում է Մալավիում, Գվատեմալայում, Կոլումբիայում, Գանայում, Զամբիայում, Տանզանիայում, Քենիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում: Այդ նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ համացանցից օգտված մարդկանց թիվը գնահատվում է ավելի քան 9 մլն, իսկ անվճար հասանելի ծառայությունների թիվը գերազանցել է հարյուրը:
Բացի դրանից՝ խոշորագույն սոցցանցի հիմնադիրը ներկայացրել է Aquila անօդաչուի մոդելի նախագծային պատկերը, որն ապագայում պետք է երկնքից համացանց բաշխի, և դրա մի քանի բնութագրեր: Ծրագրվում է, որ այդպիսի թռչող սարքը կկարողանա համացանցով ապահովել 40-80 քկմ տարածք:
2013 թ. օգոստոսին Ցուկերբերգը հիմնադրել է Internet.org հիմնադրամը, որում ընդգրկված են նաև Ericsson-ը, Nokia-ն, Samsung-ը, Opera Software-ը, Qualcomm-ը և մի շարք այլ կազմակերպություններ: Դրա հիմնական նպատակն է համացանցի անվճար հասանելիություն ապահովել 5 մլրդ մարդու ամբողջ աշխարհում (խոսքը հիմնականում աֆրիկյան աղքատ երկրների բնակչության մասին է):









































