Նախկինում եռյակին միացած որոշ գործիչներ պատրաստվում են դիմել Հայաստանում օտարերկրյա դեսպաններին, միջազգային կառույցներին՝ նրանց ուշադրությանը հրավիրելով Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի հայտնի ելույթին:
Թե ինչո՞ւ նման անհրաժեշտություն առաջացավ հիմա, նախաձեռնության հեղինակ` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դա կապում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի և մայիսյան եռատոնի միջոցառումների ավարտի հետ: Միևնույն ժամանակ, մեզ հետ զրույցում նա չհերքեց, որ շատ կցանկանար, որ Ծառուկյանը վերադառնար քաղաքականություն, և Հայաստանում դարձյալ լիներ փետրվարի 11-ի իրավիճակը:
«Հարցը Ծառուկյանը չէ միայն, օտարերկրյա դեսպանների աչքի առաջ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական ահաբեկչություն, և մենք հիմա ուզում ենք այդ հարցը դրվի՝ Սերժ Սարգսյանի ելույթը հակասահմանադրական էր և քաղաքական ահաբեկչության դրսևորում էր: Կլոր սեղան ենք կազմակերպելու և ստորագրահավաք, որին ներկա կլինեն համաժողովրդական շարժմանը միացած կուսակցությունները, դեսպանատների ներկայացուցիչներ»,-ասաց Հարությունյանը՝ հստակեցնելով, որ ստորագրահավաքը վերաբերում է ոչ թե Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի պահանջին, այլ Սարգսյանի ելույթի սահմանադրականությունը պարզելուն:
Հարությունյանը հավաստիացնում է, թե Ծառուկյանի հետ որևէ կապ չունի, չի շփվում, և նրա` այս օրերի ակտիվությունը՝ մարզեր այցելությունը, գյուղացիներին խոստումներ տալը, զուտ բարեգործություն է և հեռահար նպատակներ չի հետապնդում:
«Ցանկացած նորմալ մարդու տանենք, ցույց տանք Սերժ Սարգսյանի ելույթը, դրան հաջորդող` Ծառուկյանի հայտարարությունները, կհասկանան, թե ինչ է եղել իրականում։ Բացի ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումներից, որ տարբեր աղբյուրներից պարզ են դառնում, այդ հայտարարություններն արդեն ամեն ինչի մասին խոսում են»,- ասաց մեր զրուցակիցը:
Արամ Հարությունյանը չի մանրամասնում, թե որ ուժերն են իրեն միացել՝ նշելով, որ առաջիկայում այդ մասին կտեղեկանա նաև մամուլը: Ասում է` «մեզ են միացել բոլոր ուժերը, որ մինչև հիմա քննադատել են, եղել են համաժողովրդական շարժմանը միացած ուժեր», և երբ հետաքրքվում ենք, թե ի՞նչ ուժերի մասին է խոսքը, հրաժարվում է անուններ հրապարակել:
«Կերևա` ում դիրքորոշումից ինչ է մնացել: ՀԱԿ-ն արե՞լ է դատապարտող հայտարարություն, արել է, ԲՀԿ-ն արել է, կարող ենք այդ հայտարարություններից մեկը դնել ու ստորագրել, պարտադիր չէ` չգիտես ինչ տեքստեր լինեն: Պետք է վերադառնանք, ինչպես են հեռուստացույցը պուլտով հետ տալիս, հենց այդպես` պուլտով հետ տանք ու գանք, հասկանանք` ինչ է եղել, վերականգնվի նախկին վիճակը՝ փետրվարի 11-ի վիճակը»,- ասում է Արամ Հարությունյանը:
Այս նախաձեռնությունից, սակայն, տեղյակ չեն համաժողովրդական շարժմանը միացած այլ ուժեր և հղում են անում Ծառուկյանի` վերջերս արած այն հայտարարությանը, թե ինքը քաղաքականության հետ այլևս առնչություն չունի:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ առաջին անգամ մեզնից է լսում ստորագրահավաքի և նախաձեռնության մասին:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ևս նշում է, որ նախաձեռնությունից տեղյակ չէ: «Ես Արամ Հարությունյանի հետ երբեք գործ չեմ ունեցել և չեմ էլ ուզում ունենալ»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Կարապետյանը:
ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել: «Մենք չգիտենք նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը այդ հարցի շուրջ, որն ամենաէականն է: Նաև շատ կարևոր է իմանալ, թե այդ մասին ինչ է մտածում Գագիկ Ծառուկյանը: Եթե կլինի համատեղ որոշում, և դա փոխհամաձայնեցված կլինի, կարծում եմ` բոլորն էլ կարող են այդ հարցը քննարկել և որոշել՝ միանալ, թե` ոչ»,- ասաց նա: Լ․ Սարգսյանը հավելեց նաև, որ կոռեկտ չէ նման առաջարկին միանալ, եթե այդ մասին տեղյակ չէ Գագիկ Ծառուկյանը և իր համաձայնությունը չի տվել:
Թե ինչ ուժերի և կուսակցությունների մասին է խոսում Արամ Հարությունյանը, պարզ կդառնա առաջիկայում, եթե, իհարկե, դրան միացողներ իսկապես կլինեն: Համենայն դեպս, մինչ այս պահը բոլորն էլ համակերպվել էին, որ Ծառուկյանի էջը փակված է, հեղափոխությունն էլ` տապալված:
Գուցե երեք ամիս առաջվա իրադարձությունները թարմացնելու և Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու հարցում շահագրգռված են այլ անձինք ևս, որոնք քաղաքական ասպարեզում Ծառուկյանի դեմքով մշտապես իրենց ներկայությունն են ապահովել:
Լուսանկարը՝ Photolure-ի




































