Ուկրաինան չպետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և ԵՄ-ի միջև՝ կարծում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին փոխանցում է The Straits Times-ը։
«Չնայած Բեռլինյան պատի անկմանը՝ «պատը» գիտակցության մեջ դեռևս մնացել է։ Ո´չ Ռուսաստանը, ո´չ ԵՄ-ն չպետք է Ուկրաինային ստիպեն ընտրություն կատարել իրենց միջև»,- հայտարարել է Չավուշօղլուն Անթալիայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարական գագաթնաժողովի բացման նախաշեմին։
«Ոչինչ չի կարող արդարացնել իր հարևանների նկատմամբ Ռուսաստանի գործողությունները»,- ընդգծել է թուրք նախարարը։
Թուրքիայի արտգործնախարարը մեկ շարքում է տեղավորել Ուկրաինայի, Ղրիմի և 2008-ին Վրաստանի իրադարձությունները։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական երկխոսության ուղով։









































