Մայիսի 8-ին Շուշիի արվեստի կենտրոնում բացված «Շուշիից-Շուշի» լուսանկարչական ցուցահանդեսը եզակի իրադարձություն էր Շուշիի մշակութային կյանքում:
Քսաներեք տարի առաջ, երբ հայ զինվորները ռազմական սխրանք գործելով ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաքը, զինվորների հետ Շուշի մտան նաև լուսանկարիչներ: Պատմության տարեգիրները հավերժացրեցին հայ զինվորի սխրանքը, կրակի ու պատերազմի ճիրաններից ազատագրվող Շուշին, քաղաքն ազատագրող հերոսներին՝ իրենք էլ դառնալով յուրատեսակ զինվորներ:
Եվ ահա հերոսական այդ օրերից քսաներեք տարի անց նրանց տարեգրությունը վերադառնում է ազատ ու զարգացող Շուշի՝ իր հետ բերելով տարիների շունչը, մարդկանց, նրանց տրամադրությունները, երիտասարդությունը:
Բայց ցուցահանդեսում միայն ազատագրվող քաղաքն ու ազատագրող զինվորը չեն, նաև արդեն ավելի քան երկու տասնյակ ճանապարհ անցած քաղաքն է՝ իր այսօրվա մարդկանցով, Շուշիի այսօրվա դեմքն է, այսօրվա տրամադրությունը, որովհետև լուսանկարիչները սիրել են այդ աշխարհն ու նրանց քայլերը նրանց միշտ տարել են Շուշի:
Ցուցահանդեսի համադրող և ART PR (Արտ Փի Ար) ընկերության տնօրեն՝ Գայանե Դավթյանի խոսքով.«Այս նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով մեկ անգամ ևս վերհիշել ու հատկապես նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին։
Սա նախևառաջ հարգանքի տուրք է՝ Արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի առաջ։
Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձել ենք անցնել հաղթանակած տարիների միջով․ ինչպիսի՞ն էր 1992 թվականի Շուշին , ինչպիսին՝ այսօրվա խաղաղ ու ծաղկող Շուշին»։
Լուսանկարների հեղինակները ճանաչում ունեցող վեց լուսանկարիչներ ու ֆոտոլրագրողներ են՝ Հակոբ Բերբերյան, Աշոտ Մուրադյան, Զավեն Խաչիկյան, ՌուբենՄանգասարյան, Տիգրան Մանգասարյան և Մաքս Սիվասլյան, որոնց լուսանկարները թվագրված են 1992-ից մինչև մեր օրերը։
Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսը, որ իրականացվել էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարարության և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Շուշիի արվեստի կենտրոն էր բերել ԼՂՀ նախագահ ԲակոՍահակյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ ԱշոտՂուլյանին, վարչապետ Արայիկ Հարությունյանին, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների, Արցախ ժամանած բազմաթիվ հյուրերի՝ Հայաստանից և արտերկրից:
Անկրկնելի էին տպավորությունները հատկապես Շուշիի ազատագրության մասնակիցների մոտ: Լուսանկարներում նրանք տեսան իրենց անցած ճանապարհը, իրենց ընկերներին, իրենց երիտասարդությունը: Նրանցից շատերն էին անձամբ ճանաչում լուսանկարների հեղինակներին:
Տարվա ընթացքում ցուցահանդեսը շրջելու է Հայաստանի մարզերով և քաղաքներով։






















































