Մայիսի 7-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր Երևանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Աճեմյանը:
Դասախոսի ձերբակալությունը համալսարանականների համար նաև ճանաչողական նշանակություն է ունեցել: Շատերը այդ դեպքից հետո են տեղեկացել, որ իրենց դասախոսը ավելի շատ հայտնի է վաղ մանկության շրջանում խաղացած դերով: Նա «Թթենի» ֆիլմի ամենափոքրիկ հայտնի հերոսն է, ով ողջ ֆիլմի ընթացքում գամված է գիշերանոթին:
Հիշեցնենք, որ Արթուր Աճեմյանը նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող Կ. Ս.-ի երկու քննությունների գնահատականները դրական նշանակելու գործընթացը կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:







































