«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը
– Պարոն Շահգելդյան, «Օրինաց երկիր» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել հենց խորհրդարանական կառավարման համակարգի շրջանակներում, մինչդեռ դուք մինչև վերջերս մերժում էիք, թե այդ փոփոխությունները, թե իշխանությունների առաջարկած այդ մոդելը:
– Առաջարկությունները ներկայացվել են իշխանությունների հավասարակշռման տեսանկյունից: Եթե բովանդակային առումով դիտարկեք, ապա կտեսնեք, որ այս առաջարկությունները միանշանակորեն ուղղված են ավելի հավասարակշռված համակարգի ձևավորմանը: Այսինքն՝ ոչ նախագահի այնքան լիազորություններին, որը ձգտում է մենիշխանության: Նաև՝ ոչ վարչապետի այնպիսի լիազորությունների, որ մենիշխանության համակարգն այս թևում լինի: Այսինքն` այս առաջարկություններն ուղղված են նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև՝ Սահմանադրական դատարանի լիազորությունների այնպիսի հավասարակշռմանը, որը միանշանակորեն թույլ կտա մի կողմից խուսափել մենիշխանության երևույթներից, իշխանության մոնոպոլիզացիայից, մյուս կողմից՝ Հայաստանի համար ապահովել քաղաքական զարգացման հնարավորություններ:
– Այսինքն` դուք առաջարկում եք նախագահի լիազորություններն ավելի մեծացնել, ինչը նախատեսված չէ առաջարկվող սահմանադրական փոփոխություններում:
– ՀՀ-ի համար առաջնայինը անվտանգության խնդիրն է: Անվտանգության ոլորտում որոշումների ընդունումը, քաղաքականության կերտումը, պատասխանատվությունը, իշխանության ճյուղերի միջև արբիտրի դերն ու նշանակությունը ո՞ւմ պետք է լինի: Ահա, նախագահի ինստիտուտի կարևորությունը մենք այստեղ ենք տեսնում:
– Միգուցե սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանություններին անհրաժեշտ կոնսոլիդացիա ապահովելու համա՞ր եք ներկայացրել այդ առաջարկությունները:
– Բացարձակապես: Դա ոչ միայն ճիշտ մոտեցում չէ, այլև հերյուրանքին մոտիկ մոտեցում է:
– Եթե իշխանությունները չընդունեն ձեր առաջարկությունները, կպաշտպանե՞ք նրանց նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները:
– Եթե մեր սկզբունքային մոտեցումները չեն ընդունվում, ապա պաշտպանություն չի լինելու:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում









































