Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել է Air France ընկերության ինքնաթիռի պոչի հատվածը, որը կործանվել է 2009 թ. հունիսին: Այս մասին հայտնել են ավիավթարից զոհվածների հարազատները:
Ավիավթարի հետևանքները պարզելու համար ստեղծված հանձնաժողովի ներկայացուցիչը ասել է, որ հիմա մեծ է «սև արկղերը» հայտնաբերելու հավանականությունը, սակայն չի կարելի վստահորեն ասել, որ նրանք պահպանվել են նորմալ վիճակում: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Սև արկղերի» տվյալները կարող են լույս սփռել ավիավթարի պատճառների վրա: Մինչև հիմա միակ վարկածն այն է, որ ինքնաթիռը կործանվել է սարքավորումների սխալ աշխատանքի հետևանքով:
Airbus 330 ինքնաթիռը, որն իրականացնում էր չվերթ Բրազիլիայից դեպի Ֆրանսիա, կործանվել է Ատլանտյան օվկիանոսի վրա 2009 թ. հունիսի 1-ին: Այդ ժամանակ զոհվել էր 228 մարդ:








































