Իսպանացի սահմանապահները ճամպրուկի մեջ 8-ամյա երեխա են հայտնաբերել: Այս մասին է հաղորդում The Independent-ը:
Երբ տղան հասկացել է, որ իրեն հայտնաբերել են, գլուխը ճամպրուկից դուրս է հանել և ֆրանսերեն ասել. «Ողջույն, իմ անունը Աբու է»:
Դեպքը տեղի է ունեցել Մարոկկոյի հետ սահմանակից Սեուտա քաղաքում: Ոստիկանությունը նկատել է 19-ամյա մի աղջկա, ով ակնհայտորեն անհանգիստ վարքագիծ է դրսևորել, երբ անցել է ստուգումը: Իրավապահները կասկածել են, թե նա թմրանյութ է ցանկանում անցկացնել և ռենտգենի միջոցով ստուգել են բեռը:
Ոստիկանությունը ձերբակալել է տղայի ենթադրյալ հորը՝ Կոտ-դ’Իվուրայի քաղաքացուն: Ենթադրվում է, որ 19-ամյա աղջիկը փորձել է տղային սահմանն անցկացնել դրամական խոշոր պարգևատրման դիմաց:
Իրավապահները կարծում են, որ երեխան կարող էր խեղդվել, եթե նրան ժամանակին չհայտնաբերեին:








































