Պակիստանում կործանվել է Մի-17 ուղղաթիռը, որում եղել են օտարերկրացի դիվանագետներ: Աղետի հետևանքով զոհվել են Նորվեգիայի և Ֆիլիպինների դեսպանները, նաև Մալայզիայի և Ինդոնեզիայի դեսպանների կանայք: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկրի զինված ուժերի ներկայացուցիչ Ասիմ Բայվան իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ վթարի զոհ է դարձել 6 մարդ՝ ներառյալ ուղղաթիռի երկու օդաչուները: Եվս 5 մարդ ծանր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ Լեհաստանի և Հոլանդիայի դեսպանները:
Վթարը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում: Ուղղաթիռը, որում եղել են 11 օտարերկրացի և 6 պակիստանցի, ուղևորվել է Գիլգիթ, որտեղ ծրագրված է եղել հանդիսավոր միջոցառում Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի մասնակցությամբ: Նա այլ ուղղաթիռով է թռչել:
«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները ստանձնել են ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Ուղղաթիռը հրթիռով է խփվել, սպանվել են օդաչուները և օտարերկրացի դեսպաններ»,- մեջբերում է Agence France-Presse-ը թալիբների ներկայացուցիչ Մուհամմադ Խորասանիի հայտարարությունը:
Նշվում է, որ գրոհայինների թիրախը եղել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը:
Ի պատասխան թալիբների հայտարարության՝ Պակիստանի բանակային մամլո ծառայության ղեկավար Ասիմ Սալիմ Բաջվան հայտարարել է, որ ռազմական ուղղաթիռի կործանման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը, ահաբեկչության կամ այլ կործանարար գործողության վարկած բացառվում է՝ հայտնում է «Դոոն» թերթը:
Բաջվան նշել է, որ գոյություն ունեցող կանոնների համաձայն՝ արդեն ստեղծվել է ավիաաղետի պատճառների հետաքննության հանձնաժողով:








































