Ադրբեջանական Salam News-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի պատրաստվում Ադրբեջան այցելել նախքան հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամլո խորհրդատու Յավուզ Բայրամ Մարաշը.
«Ներկայումս Թուրքիան պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Դրա համար էլ ես չեմ կարծում, թե Էրդողանը նախքան այդ կայցելի Ադրբեջան»:
Հիշեցնենք, որ առավել վաղ նշվում էր, որ Էրդողանն Ադրբեջան է այցելելու տարեսկզբին:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանի հնարավոր ադրբեջանական այցին, ապա հարկ է նշել, որ Էրդողանը բավական վստահ է, որ այդ ընտրություններում անպայմանորեն հաղթելու է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այսինքն՝ ոչինչ չի կարող խանգարել մոտ ապագայում Էրդողանի ադրբեջանական այցին:
Ի դեպ, երեկ ադրբեջանական քաղաքագետ Առաստուն Օրուջլուն հայտարարել էր, որ ներկայումս որոշակի սառնություն է զգացվում թուրք-ադրբեջանական հարաբերություններում, ինչի համար էլ Ադրբեջանը պետք է որոշակի փոփոխություններ մտցնի իր թուրքական քաղաքականությունում: