Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հայտարարել է Իրաքյան Քրդստանի մոտեցող անկախության մասին: Սպիտակ տունն այդ հարցը շրջանցել է՝ Բարզանիին կոչ անելով համագործակցել Իրաքի կենտրոնական կառավարության հետ՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Չեմ կարող հաստատել՝ դա կլինի եկո՞ղ տարի, թե՞ երբևէ, բայց Քրդստանի անկախությունը մոտենում է»,- հայտարարել է Բարզանին՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում:
Նրա խոսքով՝ ծրագրվում է այդ հարցով անցկացնել հանրաքվե, «երբ բարելավվի անվտանգության հետ կապված իրավիճակը, երբ ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ պայքարն ավարտվի»:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որը չորեքշաբթի օրը հանդիպել է Բարզանիի հետ, վերջինիս կոչ է արել համագործակցել կենտրոնական իշխանությունների հետ՝ չհիշատակելով անկախության հնարավորությունը:
«Երկու ղեկավարներն էլ համաձայն են այն հարցում, որ անհրաժեշտ է Իրաքի կառավարության, Քրդստանի տարածքային իշխանությունների և միջազգային կոալիցիայի սերտ համագործակցությունը ԴԱԻՇ-ի դեմ շարունակվող պայքարում՝ հատկապես Մոսուլի ազատագրման գործում»,- հանդիպման արդյունքներով հայտարարել է Սպիտակ տունը:










































