Բրիտանացի երգիչ և երգահան Էլթոն Ջոնը հայտարարել է, որ ՁԻԱՀ-ը կարող է լիովին հաղթահարվել դեռևս իր կյանքի օրոք, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը շարունակի ֆինանսավորել վիրուսի դեմ պայքարը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«ՁԻԱՀ-ի համաճարակը դեռևս չի ավարտվել, և ԱՄՆ-ի առաջնորդությունն այստեղ ծայրաստիճան կարևոր է»,- հայտարարել է երաժիշտը՝ ելույթ ունենալով ԱՄՆ սենատում։
Էլթոն Ջոնի խոսքով՝ ամերիկյան սենատը աշխարհում ուժեղագույն օրենսդրական մարմինն է, և նրա ուժերը կբավականացնեն ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալու գործում։
BBC-ին տված հարցազրույցում փոփ երգիչը նշել է, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ է գումար, որը հավասար է ԱՄՆ բյուջեի 1 տոկոսին։
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիրը գործարկվել է ԱՄՆ-ում 2003 թվականին և ուժեղացվել ներկայիս նախագահ Բարաք Օբամայի կառավարման ընթացքում։








































