Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն կոչ է արել նավթ արդյունահանող երկրներին իրանական նավթի համար բացել համաշխարհային շուկա վերադառնալու ճանապարհը: Այս մասին է հաղորդում Shana գործակալությունը:
Զանգանեն հիշեցրել է, որ այժմ պատժամիջոցների պատճառով Իրանը զրկված է արդյունահանվող նավթի 60 տոկոսի արտահանման հնարավորությունից: Նրա խոսքերով՝ բոլոր նավթ արդյունահանողները պետք է հաշվի առնեն Իրանի վերադարձի հեռանկարները:
Նախարարը հիշեցրել է նաև, որ Հնդկաստանը նավթի դիմաց Իրանին դեռ 7 միլիարդ դոլար է պարտք: Զանգանեն ընդգծել է, որ պատժամիջոցների վերացումից հետո պարտքը պետք է վերադարձվի եվրոյով և ռուպիով:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք գոյություն ունի՞ ՕՊԵԿ-ի հետ համաձայնություն, Զանգանեն ասել է. «Ես չեմ կարծում, որ նման առաջարկ գոյություն ունի, պետք է աղոթել… Բայց անդամ երկրների մեծամասնությունը չի ցանկանում առկա իրավիճակի պահպանումը»:









































