Թուրք վերականգնողները լրջորեն վնասել են 10-ից ավել հին հռոմեական խճանկարներ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Անթաքյա քաղաքի՝ աշխարհի խոշորագույն խճանկարի թանգարանից: Այս մասին հայտնում է Hurriyet թերթը:
Հաղորդվում է, որ սկանդալը բռնկվել է, երբ խճանկարի տեղացի վարպետ Մեհմեթ Դաշքապանը դրա վրա է հրավիրել մամուլի ուշադրությունը:
«Վնասվել են Հռոմեական շրջանի արժեքավոր գտածոներ: Դրանք վերածվել են իրենց իսկ ծաղրանկարների: Որոշ պատկերներ առանձնապես վատ վիճակում են, կորցրել են իրենց յուրահատկությունն ու արժեքը: Դրանք արդեն չի կարելի համարել մ. թ. II դարի յուրահատուկ խճանկար»,- ասել է Դաշքապանը:
Նա ընդգծել է վերականգնողական աշխպատանքների դադարեցման անհրաժեշտությունը հին արվեստի մյուս գործերը պաշտպանելու համար:
Վնասված խճանկարների շարքում են Նարցիսի և Իսահակի զոհաբերության աշխարհին հայտնի պատկերները: Դրանց որոշ քարեր բացակայում են, մյուսների քարերն անհաջող են ընտրված, ինչն անճանաչելիորեն փոխել է խճանկարների օրիգինալ տեսքը և դրանց ծաղրանկարային տեսք է տվել:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:












































