Եվրախորհրդարանի զեկուցող Քեթի Պիրին, մեկնաբանելով ԵԽ-ի՝ ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունած բանաձևը, հայտարարել է, որ այդ որոշումը մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռն է։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը։
«Ընդունված բանաձևը որևէ առնչություն չունի Եվրամիության հետ բանակցությունների գործընթացի հետ։ Դա հավելյալ լծակ չէ Թուրքիայի վրա ազդելու համար։
Ես գիտեմ, թե որքան զգայուն է այս թեման Թուրքիայի համար, սակայն չեմ կարծում, որ որևէ բան վերականգնելու մասին խոսելու առիթ կա։ Բանաձևն ընդունվել է որպես 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռ, այլ ոչ թե որպես վիրավորանք Թուրքիայի հասցեին»,- ասել է Պիրին։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որով թուրքական կառավարությանը կոչ է արվում ճանաչել հայերի ցեղասպանությունն ու այդ կերպ նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։











































