«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ՀԱԿԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
– Պարոն Մալխասյան, ՀԱԿ-ում ակտիվացման գործընթաց սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: Ապրիլի 24-ից հետո խոստացված հանրահավաքները լինելո՞ւ են, թե՞ ոչ: Հիմա ո՞ր փուլում է գտնվում պայքարը:
– Ես նաև ՀԱԿ վարչության անդամ եմ: Վերջին մեկ-երկու հավաքներին չկարողացա գնալ, որովհետև կինս հիվանդ էր, բայց լսել եմ, որ մայիսի կեսերին մենք որոշել ենք գնալ գյուղեր, քաղաքներում, մարզերում հավաքներ անենք տեղի մեր ակտիվիստների հետ: Ինչ-որ բաներ մայիսի 2-րդ կեսին սպասվում են: Բայց տեսնենք աշխարհաքաղաքական զարգացումներն ուր են տանում, Ռուսաստանի վիճակը ուր է հասնում, որովհետև իշխանություն վերցնելն ավելի հեշտ է, քան պահելը: Ինքնանպատակ չէ իշխանություն վերցնելը: Եթե մենք այսօր քննադատում ենք իշխանություններին, ասենք՝ մեր աշխատավարձերը քիչ են և այլն, դրանց բոլոր արածները հանում ենք ջրի երես, ու եթե վաղը մենք գանք իշխանության և այդ խնդիրները չլուծենք, խայտառակ ենք լինելու, և մեզ պետք է ասեն՝ եթե այդ խնդիրները չէիք լուծելու, ինչո՞ւ եկաք իշխանության, եկաք որ ի՞նչ անեք: Հիմա դրա համար մենք մանրակրկիտ հաշվարկներ ենք անում, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանն այնպիսի գործիչ է, որ ուզում է իշխանության գալու դեպքում իրավիճակ փոխվի, համակարգ փոխվի: Եթե պետք է չփոխվի, մենք գանք՝ ի՞նչ անենք: Ուրեմն այդ հաշվարկներն ենք անում: Ես գտնում եմ, որ քաղաքականության մեջ անշտապ համառությունը հաղթում է վայրենի, ամենաբարբարոս ուժին: Հանգամանորեն մշակված ծրագիրը հաղթում է բոլոր տեսակի «սերժուկ սելջուկներին»: Մենք փնտրտուքի մեջ ենք:
– 7 տարին քի՞չ ժամանակ էր այդ փնտրտուքից դուրս գալու համար:
– 7 տարին ահագին ժամանակ է, բայց հեղափոխություն անելն էլ հեշտ չի: Հիմա դուք տեսեք՝ Լենինը հեղափոխություն սկսեց անել 1898թ.-ից, իսկ մինչև 1917թ.-ը հեղափոխության մի քանի փորձեր արեց և ձախողեց: Իր ձեռնարկած գործը 19 տարի հետո նոր հաջողության հասավ: Ես Լենինի օրինակը բերեցի ոչ թե նրան արժևորելու համար, այլ ցույց տալու, որ պատմության մեջ նման օրինակներ շատ կան: Պետք է ճիշտ պահին իշխանությունը փոխես՝ չնայած հիմա հապաղելն ու դանդաղելը շատ դժվար բան է. ինչքան հապաղում ես, երկիրդ այնքան ավերվում ու կործանվում է: Նրանք հոշոտում են հայ ժողովրդին յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ:
– ԲՀԿ-ի ու «Ժառանգության» հետ միասնական շտաբներ էիք ձևավորել մարզերում, որոնք այս պահին գոյություն չունեն: Միայն Ձեր ուժերը կբավարարե՞ն նոր շտաբներ բացելու, ակտիվ գործունեությունը դարձյալ վերսկսելու համար:
– Մենք պետք է ժողովրդի հետ խոսենք, պետք է բացատրենք մի պարզ ճշմարտություն՝ որևէ կուսակցություն որքան էլ ուժեղ լինի ֆինանսապես, տնտեսապես և մարդկային ռեսուրսներով, առանց ժողովրդի գիտակից աջակցության ոչնչի չի կարող հասնել: Վարդան Մալխասյան՝ չէ, Վարդան Մամիկոնյան էլ լինի, եթե ժողովուրդը չօգնի՝ ոչ մի բանի էլ չենք հասնի: Մենք պետք է մեր ժողովրդին բացատրենք, որ գեղ պետք է կանգնի, որ գերան կոտրի: Գագիկ Ծառուկյանին ինչո՞ւ նման դաժան տեռորի ենթարկեցին պետական մակարդակով՝ որովհետև իրենց հաշվարկները ցույց տվեցին, որ ինքը կարող է մարդ հանել փողոց, նրանք սարսափում են շատ մարդկանցից: Եթե Հայաստանի այսօրվա բնակչության 3-4%-ը ոտքի կանգնի, ապա Հանրապետական կոչված խաժամուժը 100%-ով տապալված է: Այսինքն՝ մեր գերխնդիրն է այդ 3-4%-ին հանել փողոց: Ինձ թվում է՝ եթե մենք մեր ուժերով ճիշտ քարոզ կազմակերպենք, ապա ի զորու ենք դա անելու: Թող ժողովրդի 100 մարդուց 96-ը հուսահատ լինեն ու չգան, բայց եթե 4-ը գան, կանգնեն մեր կողքին, ապա մենք սրանց տապալող ենք:
– Այսինքն՝ այս պահին չգիտեք՝ շտաբներ կստեղծվե՞ն, թե՞ոչ:
– Օրինակ՝ Աշտարակում ՀԱԿ-ի շտաբը գործում է, բաց է, գնում-գալիս են մեկ-մեկ, չեմ ասում, որ շատ մարդիկ կան, բայց գործում է: Համատեղ չենք աշխատում:
– Իսկ ընդհանրապես պատկերացնո՞ւմ եք քաղաքական ուժերի, «Քաղաքացիական պայմանագրի», «Հիմնադիր խորհրդարանի» հետ համագործակցություն:
– Ինչու ոչ, համագործակցություն, դաշինքներ կարող են լինել: Կարող է կուսակցությունները, կազմակերպությունները գաղափարական տարաձայնություններ ունենան, բայց ինչ-որ խնդիր լուծելու համար միավորվեն: Միավորվեն, խնդիրները լուծեն, հետագայում կարող են նորից լինել գաղափարական հակառակորդներ: Դաշինքներն այդպես են կազմավորվում: Բոլոր երկրներում էլ այդ պրակտիկան կիրառվել է: Մենք հաստատ ելնելու ենք փողոց և մեր գործը տանելու ենք մինչև վերջ: Հիմա որ այդպես հապաղում ենք, դա չի նշանակում, որ հանձնվել ենք կամ էլ մոռացել ենք, թե մեր երկրում ինչ է կատարվում: Մեր կոչումն է կռվել, պայքարել և հաղթել: Եվ մենք դա անելու ենք, հաստատ իմացեք, որ անելու ենք: Ուղղակի պետք է ճիշտ դասավորենք մեր ուժերը, որ այս անգամ՝ վերջին անգամ խորտակիչ հարված հասցնենք Սերժ Սարգսյանին և նրա շուրջ հավաքված թալանչիներին, որ այս երկիրը հոշոտեցին ներսից: Հիմա դրանց մենք պետք է տապալենք, թե ոնց կդասավորվի՝ ժամանակը ցույց կտա: Բայց որ մենք մեր կոչումից, մեր պայքարից չենք հրաժարվել՝ փաստ է:
– Ի՞նչ եք կարծում, պայքարի այն ձևերը, Ազատության հրապարակի հանրահավաքները, քայլերթերը ի վիճակի՞ են ժողովրդի մեջ հույս, հավատ ներշնչելու: Ժողովուրդը հավասարապես հիասթափված է թե իշխանությունից, թե ընդդիմությունից: Ինչպե՞ս պետք է վերականգնեք այդ հավատը, ինչպե՞ս պետք է կոտրեք այն հիասթափությունը, որ կա նաև Ձեր կուսակցության նկատմամբ:
– Հիմա պակասում են վճռականությունն ու հանդգնությունը: Մենք պետք է հանդես բերենք վճռականություն և հանդգնություն: Այո, սահմանադրորեն մեզ տրված է նաև հեղափոխություն անելու իրավունք: Ողջ աշխարհում մարդուն տրված է պաշտպանվելու իրավունք: Հիմա սրանք մեզ հոշոտում են, իսկ մենք պետք է պաշտպանվենք: Եթե հարձակվում են, ապա մենք էլ պետք է հարձակվենք: Մենք պետք է հանդգնություն հանդես բերենք: Եթե չպաշտպանվենք, ուրեմն իրենք շարունակելու են ավելի խորքից կեղեքել ժողովրդին: Այո, մենք ժողովրդին եթե բացատրենք, որ այս անգամ գնալու ենք մինչև վերջ, ունենք հանգուցալուծման մանրակրկիտ ծրագիր, և եթե ճիշտ կարողանանք ներկայացնել ու մատուցել, ապա ժողովուրդը կգա մեզ հետ:
– Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների համար, ովքեր հիմա քաղբանտարկյալներ են, պայքարի դուրս չեք գալիս: Ի՞նչն է պատճառը, որ նրանց համար պայքարողներ չկան:
– Որ պայքարենք՝ ոչ մի արդյունքի չենք հասնի, մինչև համակարգը չփոխենք: Մենք պետք է սրանց համակարգը փոխենք: Հիմա 500-1000 հոգով որ դուրս ես գալիս փողոց՝ սրանք բանի տեղ չեն դնում, մարդուն չեն արժևորում, մարդու ասածը չեն լսում: Մենք պետք է նաև ժողովրդի ուժով քշենք. դրա համար ժամանակին Աշոտ Մանուչարյանի հետ միասին աշխարհազոր էինք ուզում ստեղծել, բայց եթե աշխարհազորը շատ հավաքվեր, մենք ոչ միայն խփելով, այլև խաղաղ պայքարով կհաղթեինք: Իսկ եթե խաղաղ պայքարի ձևերը սպառվեցին, ապա պետք է անցնենք պայքարի մյուս ձևերին: Այս իշխանությանը հանդուրժել, թողնել՝ նշանակում է համակերպվել, որ Հայաստանը պետք է դատարկվի ու առանց պատերազմի անցնի Ադրբեջանին, որովհետև հայրենիքն առաջին հերթին մարդն է, հետո նոր՝ հողը: Հիմա հող են ջրում, բայց եթե այս հողի վրա մարդ չլինի, ո՞վ պետք է ջրի: Հողեր ազատագրեցինք Ղարաբաղի շուրջը, բայց մարդ չի ապրում այնտեղ: Եթե մարդ չի ապրում, հողը միշտ սակարկման առարկա է դառնում: Հայաստանից մարդիկ հեռանում են: Եթե հեռանում են՝ մենք հայրենիքը կորցնում ենք այս թափթփուկների պատճառով: Ինչի՞ են հեռանում Հայաստանից, որովհետև անարդարություն է շուրջը: Սփյուռքահայ մարդ էր եկել Հայաստան, Աշտարակի մոտ հող էր առել, այդ մարդուն սպանեցին, մորթեցին, քերթեցին: Տեսեք այդ կազմակերպություններն ինչ են անում մարդկանց գլխին, ինչ են անում դատավորները, դատախազները՝ միայն թալան, կողոպուտ, հարստահարություն: Ի՞նչ է կատարվում մեր դպրոցում: Ջոկում են ամենափչացած, ամենավարկաբեկված, ամենաբարոյազուրկ կանանց և նշանակում են դպրոցի տնօրեն, որովհետև այդ դպրոցի տնօրենը ինչ-որ մեկի սիրուհին է: Նախկինում բացահայտվեց, որ դպրոցի տնօրեն են նշանակել մեկին, ով դիպլոմ չունի, գնացել դիպլոմն առել է ինչ-որ տեղից: Մեր դպրոցը դարձել է խուժանանոց:
Հետո ընտրությունների ժամանակ այդ բոլոր ուսուցիչներին, տնօրեններին դարձնում են գործիք, հանձնաժողովների մեջ են ներգրավում, ստիպում ընտրակեղծիքներ անել: Փչացնում, ավերում են մեր դպրոցը, իսկ եթե դպրոցն ավերեցիր, մնացած ամեն ինչ հերթականությամբ պետք է ավերվի: Ուսուցիչն է կերտում դատավոր, դատախազ և մյուսներին, բայց եթե այսօր ուսուցիչը փչացած, բարոյալքված է, աշխատավարձ էլ չի ստանում, արդյունքն էլ սա է լինում:
Մի հատ ուրիշ բան ասեմ՝ մարզի դատախազի տեղակալը 20 անգամ ավելի շատ թոշակ է ստանում, քան ուսուցիչը: Դատախազի տեղակալը ստանում է 500.000 դրամից ավելի թոշակ, մյուս բարձր պաշտոնյա շները ավելի բարձր են ստանում, իսկ ուսուցիչը ստանում է 30.000 դրամ թոշակ: Զարմանալի հարց է ծագում՝ այս ի՞նչ երկիր է այս երկիրը, որտեղ, ասում են, փող չկա, բայց պետք է թալանչիները թոշակի գնալուց 20 անգամ ավելի փող ստանան, քան ուսուցիչները: Չէ՞ որ ուսուցիչն է կերտում մեր ապագան: Այսօր ուսուցչին սարքել են խուժան: Նման պայմաններում մեր երկիրը չի զարգանա, առաջ չի գնա, պետք է փոխվի ամեն ինչ: Դատախազին ինչո՞ւ են պարգևատրում և բարձր թոշակ տալիս, եթե նա իր ողջ գործունեության ընթացքում կաշառք է վերցրել, անարդար որոշումներ է կայացրել, կամակատար է եղել իշխանությանը: Այս երկրում վարձատրում են խուժանին, գողերին, ավազակներին: Մեր Արամ Մանուկյանին ծեծողին ինչո՞ւ դատի չտվեցին, որովհետև իրենք էին հրահանգ տվել: Այդ հանցանքը նորից կանեն, որովհետև անպատիժ է մնացել: Եթե հանցագործությունը թողել ես անպատիժ, ապա նորից կկատարվեն նման հանցանքներ:
– Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք ԲՀԿ-ի հետ դարձյալ համագործակցություն, դարձյալ դաշինք, երբ նրա առաջնորդն այլևս քաղաքականության մեջ չէ:
– Նայած թե իրավիճակը ոնց կզարգանա և ուր կհասնի: Իհարկե, ԲՀԿ-ն շատ խարխլեցին և հողին հավասարեցրին, բայց իրենց մեջ էլ լիքը հայ մարդիկ կան: Եթե նրանք ելնեն պայքարի, ապա մենք, իհարկե, գրկաբաց կընդունենք և կհամագործակցենք հետները: Մենք կհամագործակցենք բոլոր ցանկալի մարդկանց, կազմակերպությունների հետ՝ միայն մեկ խնդիր լուծելու համար՝ տապալել չարիքի, կեղծիքի, տգիտության իշխանությունը:
– Իսկ այն ժամանակ ինչո՞ւ էիք այդքան վստահ, որ Գագիկ Ծառուկյանը պայքարը մինչև վերջ կտանի: Հիմա, երբ նա կեսից լքեց պայքարը, խորը չի՞ հիասթափությունը:
– Վստահությունը մեծ էր, որովհետև ինքը բազմաթիվ հանդիպումների ժամանակ, ես չեմ հանդիպել, բայց մեր ազատամարտիկ ընկերները հանդիպել են նրա հետ, ասել է, որ ինքը վճռական է, ինքը ամեն ինչ անելու է և գնալու է մինչև վերջ: Բայց վերջին պահին մարդուն ահաբեկեցին: Պետական մակարդակով ահաբեկչությունը դուք այդքան հեշտ մի կարծեք: Ամենաուժեղ մարդիկ ունեն շատ թույլ տեղեր: Ասենք, մենք ինչքան էլ ուժեղ լինենք, մեր թույլ տեղերը մեր ընտանիքներն են, մեր երեխաները: Իմ իմացածով նրան ահաբեկել են, թե՝ ընտանիքդ կոչնչացնենք, ոչ միայն կզրկենք քո եղած-չեղած հարստություններից, այլև ընտանիքդ կոչնչացնենք: Եթե բարձր կամային հատկություններով մարդ լիներ, կդիմանար, բայց ինքը չդիմացավ: Հիմա շատ-շատերը չեն դիմանում, երբ որ հարցը հասնում է ոչ թե ունեցվածքին, այլ ընտանիքին: Ինչ գիտես՝ ինչ են խոսել, ինչ գիտես՝ ինչ են ահաբեկել: Բայց ինչի՞ համար ահաբեկեցին, Ծառուկյանն այնքան գաղափարական կուսակցություն չուներ, բայց հասկացան՝ համախոհների մեծ բանակ ուներ, և եթե այդ բանակը դուրս գար հրապարակ, ապա այլևս անելիք չէր ունենա Սերժ Սարգսյանը, պետք է փախչեր: Պետք է նստեին օդանավերը ու փախչեին, հակառակ դեպքում պետք է մնային երկրում և խստագույնս պատասխան տային կատարած բոլոր հանցանքների համար: Բայց իրենք որպեսզի չփախչեին և խուսափեին դաժան պատասխանատվությունից, որոշեցին Գագիկ Ծառուկյանին տեռորի ենթարկել: Այդպես էլ արեցին: Տեսնենք վերջում ինչի պետք է հասնեն, այդքան երկար չեն կարող դիմանալ: Իրենց ռեսուրսներն էլ պետք է սպառվեն:










































